Նիկոլ Փաշինյան. «Ուրեմն` մենք ինչ-որ բան էնպես չենք անում»

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Երեւանում տված հարցազրույցում ներկայացրեց իր դիրքորոշումը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների համար ընդդիմության պատասխանատվության վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով «ոչ կոնկրետ Մարտի 1-ի, այլ` ավելի լայն տիրույթում», Փաշինյանը հայտարարեց. - «Թվում է, թե ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը ակնհայտորեն ունենում է շատ հսկայածավալ աջակցություն` մարդկանց, ժողովրդի, քաղաքացիների, որոնք հստակ հանդես են գալիս որպես պատվիրատու փոփոխությունների: Եվ ամեն անգամ տեղի է ունենում էնպես, որ փոփոխությունները, որոնք թվում է թե լայն հանրային պահանջարկ են վայելում եւ ունեն լայն հանրային աջակցություն, տեղի չեն ունենում: Ինձ համար եզրակացությունը հետեւյալն է. եթե մենք էդ պայմաններում անընդհատ պայքարում ենք էդ փոփոխությունների համար, եւ էդ փոփոխությունները տեղի չեն ունենում, ուրեմն` մենք ինչ-որ բան էնպես չենք անում»:

«Սա ամենակարեւոր արձանագրումն է ինձ համար` որպես վերջին քսան տարիներին Հայաստանի քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակից, նախ` որպես դիտորդ, ապա` որպես անմիջական մասնակից», - ասաց ընդդիմադիր գործիչը` շարունակելով. - «Որովհետեւ չի կարող լինել էնպես, որ ժողովուրդը ամեն անգամ... Ի միջի այլոց, դա ինձ համար ամենաանհասկանալի մասն է, երբ որ քաղաքական որեւէ գործիչ սկսում է մեղադրել ժողովրդին. ինձ համար արդեն դա փաստ է, որ այդ քաղաքական գործիչը այլեւս անելիք չունի»:

«Երբեմն, երբ ասում են` «ժողովուրդը ծախվեց 5 հազար դրամով», ես սա երբեք չեմ ընդունում: Որովհետեւ եթե ժողովուրդը, օրինակ, ընտրակաշառք է վերցնում եւ ընտրակաշառքով քվեարկում, իսկ գուցե նա ավելի արժեքավոր այլընտրանք չի՞ տեսնում, քան 5 հազար դրամը: Մենք մտածե՞լ ենք էս մասին», - շեշտեց Փաշինյանը:

Ընդ որում, նա հստակեցրեց, որ խոսքը քաղաքակա՛ն պատասխանատվության մասին է, քանի որ «երբ խոսք է գնում մեղավորության մասին, մենք պետք է շատ հստակ տարանջատենք, թե [...] նկատի ունենք մեղավոր` Քրեական օրենսգրքի՞ տեսակետից, թե՞ մեղավոր` նկատի ունենք որոշակի բարոյական, քաղաքական եւ այլ տեսակետեր»: