Ադրբեջանին վաճառվող ռազմական արտադրանքը «չի խախտում հավասարակշռությունը»

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի մատակարարման մասին ռուսաստանյան «Վեդեմոստի» պարբերականի հրապարակմանը` ասաց, թե ընդհանրապես Ադրբեջանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերումները «խնդրահարույց» չեն գնահատվում եւ հայտնի են Հայաստանի համապատասխան ծառայություններին արդեն պայմանագրերի կնքման պահից:

«Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը եւ նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ եւ ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ Պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որեւէ հայտարարությամբ հանդես գալուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով, որ լրատվության մեջ տեղ գտած լուրերը «որոշակի ապատեղեկատվություն են պարունակում»: