«Շիրակի» երկրպագուները պաշտոնական ներողություն են պահանջում «Դինամոյից»

Your browser doesn’t support HTML5

Երկուշաբթի օրը Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում կայացած Թբիլիսիի «Դինամոյի» եւ Գյումրու «Շիրակի» ընկերական խաղից հետո ֆուտբոլիստները նորմալ բաժանվել են, մինչդեռ պատկերը լրիվ այլ է եղել երկրպագուների դեպքում:

Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները հարձակվել են «Շիրակի» երկրպագուների վրա, մարզադաշտի անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանությունը փորձել են փակել նրանց ճանապարհը, ինչից հետո վրացի երկրպագուները շշեր են նետել հայերի ուղղությամբ: Այնուհետեւ արդեն մարզադաշտի մուտքի մոտ հյուրընկալող երկրի երկրպագուները նորից փորձել են հարձակվել հայերի վրա, բայց ոստիկանությունը կրկին փակել է նրանց ճանապարհը, ինչից հետո «Շիրակի» երկրպագուները ոստիկանների ուղեկցությամբ հեռացել են մարզադաշտից:

Գյումրիից խաղը դիտելու համար Թբիլիսի էին ուղեւորվել մոտ 40 երկրպագուներ, արդեն Թբիլիսիում նրանց էին միացել տեղի հայ համայնքից մոտ 60 ֆուտբոլասերներ: «Շիրակ» ֆուտբոլային ֆան ակումբի համակարգող Արթուր Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ վրացի երկրպագուները խաղից անմիջապես հետո անակնկալ կերպով հայտնվել էին հյուրերի համար նախատեսված տրիբունայի մուտքի մոտ. ըստ նրա` պատճառը հավանաբար այն էր, որ «Դինամոն» ոչ ոքի էր խաղացել, ինչը վրացի երկրպագուներին դուր չէր եկել:

Արթուր Գեւորգյանի խոսքով` տուժեղներ չեն եղել, մինչդեռ աղջիկները շատ էին վախեցել: Վրացի երկրպագուների ագրեսիվ վարքագծի պատճառ կարող էր դառնալ նաեւ «Շիրակի» երկրպագուների կողմից օգտագործվող «թասիբով» բառը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանը, ով նույնպես ներկա էր խաղին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ «Դինամոյի» երկրպագուները հայերի «թասիբով» բառը սխալ էին հասկացել:

«Մերոնք ինչպես միշտ գոռացել են «թասիբով», իսկ վրացիներին թվացել է, թե գոռացել են «Ռասիա», ինչին ի պատասխան նրանք էլ սկսել են «Ադրբեջան» գոռալ», - պատմեց Թադեւոսյանը:

Աննա Թադեւոսյանը պատմեց, որ հարձակումը գործել են ավելի ագրեսիվ տրամադրված երկրպագուները: Այն, որ վրացիները ագրեսիվ են տրամադրված, իրենք հասկացել էին մինչ Թբիլիսի մեկնելը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում վրացիները ագրեսիվ հաղորդագրություններ են գրել, ինչի մասին ֆուտբոլային ակումբը զգուշացրել էր վրացի գործընկերներին:

Թադեւոսյանը ասաց, որ բողոքի նամակով UEFA-ին չեն դիմելու, նախ այն պատճառով, որ չեն ուզում, եւ երկրորդը, որ նման իրավունք չունեն, քանի որ ընկերական խաղերի դեպքում ընթացակարգով նման հնարավորություն չի նախատեսվում:

Նրա խոսքով` մարզադաշտի եւ «Դինամո» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը բանավոր ներողություն է խնդրել «Շիրակ» ֆուտբոլային ակումբից, ինչը բավարար է: Մինչդեռ «Շիրակ» ֆուտբոլային ֆան ակումբի համակարգող Արթուր Գեւորգյանը ասաց, որ իրենց բանավոր ներողությունը չի բավարարում: Նրանք պաշտոնական ներողություն են պահանջում:

Ի դեպ, դեպքի մասին պարզաբանումներ փորձեցինք ստանալ նաեւ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբից: Սկզբում ակումբից խոստացան օրվա ընթացքում պարզաբանում տալ, ինչից հետո հեռախոսազանգերին այլեւ չպատասխանեցին:

Your browser doesn’t support HTML5

<<Շիրակ>>-ի երկրպագուները պաշտոնական ներեղություն են պահանջում <<Դինամո>>-ից