Freedom House. «Հայաստանը բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը»

Freedom House-ի լոգոն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրները» տարեկան զեկույցը, որը նկարագրում է, թե ժողովրդավարության առումով ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի` անցումային փուլում գտնվող 29 երկրներում:

Զեկույցը արձանագրում է ժողովրդավարության վիճակի տագնապալի վատթարացում ողջ Եվրասիայում` մանրամասնելով, որ 2012 թվականի ընթացքում բռնատիրական ռեժիմները Եվրասիայում ակտիվորեն պայքարել են ժողովրդավարական փոփոխությունների դեմ:

Ընդհանուր այս բացասական միտումների մեջ, սակայն, Հայաստանը առանձնանում է դրական տեղաշարժով եւ այն վեց երկրներից մեկն է, որ բարելավել է իր ժողովրդավարության վարկանիշը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանը այս տարի առաջընթաց է արձանագրել շնորհիվ նախընտրական շրջանում լրատվական դաշտում իրավիճակի բարելավման եւ զրպարտության մեղադրանքով հարուցված գործերի զգալի կրճատման: Զեկույցի համաձայն` Հայաստանը լրատվամիջոցների անկախության առումով առաջընթաց արձանագրած միակ երկիրն է:

Հայաստանի առաջընթացը զեկույցում կապվում է նաեւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ագրեսիվ կերպով ճնշում էր քաղաքական ընդդիմությանը, Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին նոր ընտրական օրենսդրությանը համապատասխան, որը հատկապես կարեւորում է թեկնածուների հավասար հնարավորությունները` նախընտրական ռեսուրսների հասանելիության եւ լրատվամիջոցներով լուսաբանման առումով», - նշում է Freedom House-ը:

Freedom House-ը փաստում է նաեւ, որ վարչական ռեսուրսների չարաշահումը եւ ընտրությունների օրը տեղ գտնող խախտումները այս ընտրություններում էլ որոշ չափով պահպանվել են, սակայն ընդհանուր առմամբ այլընտրանքի հնարավորությունը մեծացել է, երկու երկրներում էլ ավելի ներկայացուցչական օրենդիր մարմիններ են ձեւավորվել: Հայաստանում առաջին անգամ ընդդիմադիր Հայ ազգայի կոնգրեսը տեղեր է ստացել Ազգային ժողովում եւ սկսել է մասնակցել խորհրդարանի աշխատանքներին:

Զեկույցի հեղինակները, սակայն, նկատում են, որ տարեվերջին երկու հիմնական ընդդիմադիրների անբացատրելի որոշումը` 2013 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու վերաբերյալ, փշրել է իսկապես մրցակցային պայքար ունենալու հույսերը:

Freedom House-ը ընտրություններում առաջընթաց է նկատել նաեւ Վրաստանում, նշելով, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքի անսպասելի հաղթանակը, առաջին անգամ Վրաստանում հանգեցրեց ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխության:

Հակառակը` Ուկրաինայում եւ Ռուսաստանում ընտրությունների ընթացքը այդ երկու երկրների վարկանիշների անկման պատճառ է հանդիսացել:

Ադրբեջանում իրավիճակի վատթարացում է գրանցվել

Freedom House-ը Ադրբեջանում 2012 թվականին միայն իրավիճակի վատթարացում է գրանցել, հետընթացը երկու ոլորտներում է` կոռուպցիայի եւ քաղաքացիական հասարակության:

Ժողովրդավարական զարգացման առումով Ադրբեջանի հետընթացը էլ ավելի ակնհայտ է երեւում իր հարավկովկասյան հարեւանների` Վրաստանի եւ Հայաստանի ֆոնին, փաստում է զեկույցը՝ շարունակելով, որ այս երկրներում խաղաղ եւ բավական ընդգրկուն ընտրություններին հակադրվել են Բաքվում ոստիկանական բիրտ գործողությունները «Եվրատեսիլ» երգի մրցույթից առաջ հանրահավաքների մասնակիցներին ցրելու ժամանակ, եւ բավական մեծ տուգանքները չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամաբ:

Միեւնույն ժամանակ արտերկրի լրատվամիջոցների կատարած հետաքննություններում բացահայտվել են Իլհամ Ալիեւի հսկայական անձնական կարողությունները: Այս բացահայտումները առիթ են դարձել, որ Ադրբեջանում օրենսդրական փոփոխություններով ընկերությունների կառուցվածքի մասին տեղեկությունները գաղտնի պահվեն, ինչը էլ ավելի է սահմանափակել կոռուպցիան մերկացնելու լրագրողների հնարավորությունները:

Զեկույցում տեղ են գտել նաեւ Ռամիլ Սաֆարովի գործով զարգացումները: Երբ Հունգարիայի իշխանությունները անակնկալ որոշում կայացրեցին 2004 թվականին հայ սպայի դաժան սպանության համար ցմահ ազատազրկում ստացած ադրբեջանական բանակի նախկին սպա Ռամիլ Սաֆարովին վերադարձնելու մասին, Բաքվում կառավարությունը նրան ընդունեց իբրեւ հերոսի եւ անմիջապես ազատ արձակեց՝ այսպիսով կանգնեցնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Freedom House-ը զեկույցի վերջում եզրակացնում է, որ ժողովրդավար երկրները հանդուրժող են բռնաճնշումների նկատմամբ:

Զեկույցի հեղինակները բազմաթիվ օրինակներ են բերում, որ բռնապետությունները հաճախ հյուրընկալում են միջազգային հեղինակավոր համաժողովներ, սպորտային, երաժշտական խոշոր միջոցառումներ: Օրինակ, 2014-ին Ռուսաստանը հյուրընկալելու է Ձմեռային օլիմպիական խաղերը, Ադրբեջանը 2012-ին հյուրընկալել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը եւ այլն:

«Ժողովրդավարական երկրները պետք է գոնե դադարեն բռնապետական ռեժիմներին վերաբերվել որպես ժողովրդի կողմից ընտրված նորմալ կառավարությունների եւ չպետք է քաջալերեն նրանց՝ տարբեր սպորտային միջոցառումներ եւ երաժշտական մրցույթներ անցկացնելու իրավունք տալով», - ասված է Freedom House-ի զեկույցում: