Թուրքիան պաշտոնական Լոնդոնից բացատրություն է ակնկալում

Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Մեծ Բրիտանիային պաշտոնական բացատրություն տալ Guardian թերթում տեղ գտած հոդվածի առնչությամբ, որում ասվում է, թե բրիտանական հատուկ ծառայությունները լրտեսել են օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներին Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մտահոգված է այն տեղեկատվությամբ, որ 2009 թվականին Լոնդոնում կայացած Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում գաղտնալսվել են Թուրքիայի արտգործնախարարի հեռախոսազրույցները:

Guardian-ը, հղում անելով գաղտնի փաստաթղթերին, հայտնել էր, որ բրիտանական հետախուզությանը հասանելի է եղել օտարերկրյա պատվիրակների համակարգիչների պարունակությունը, բացի այդ, գաղտնալսվել են հեռախոսազրույցները:

Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա
.