Դատաիրավական ԾԻԳ-ի չարաշահումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել Վերահսկիչ պալատի կողմից Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանությունից, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգշությամբ առաջացրել է ծանր հետեւանքեր:

Մասնավորապես, ոստիկանության փոխանցմամբ, գլխավոր դատախազությունից ստացված Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձինք Հայաստանին տրամադրված վարկային, ինչպես նաեւ պետբյուջի միջոցներով ֆինանսավորվող ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, ինչպես նաեւ չեն կատարել ծառայողական պարտականությունները: Տվյալ դեպքում չեն ճշտել շինարարական օբյեկտների մրցույթի գնման առարկայի ծավալները եւ կնքել են նախահաշվային արժեքները գերազանցող պայմանագիր: Դեպքի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս պահի դրությամբ ձերբակալվածներ դեռեւս չկան:

Երեկ խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով 2012 թվականի հաշվետվությունը, մի քանի օրինակներ բերեց, թե ինչպես Դատաիրավական ԾԻԳ-ը, դատարաններ կառուցելիս մալուխներ է գնել մեկ մետրը 1000 դրամով, այնինչ խանութներում այդ մալուխի 1 մետրն արժե 110 դրամ:

Վերահսկիչ պալատի նախագահը մեկ այլ օրինակ էլ բերեց` ցույց տալու համար, թե ինչպես են պետական բյուջեից գումարներ մսխվում, ասենք, դատարանների պատուհանների «օգնությամբ»: Այսպես, ըստ Վերահսկիչ պալատի, միտումնավոր կերպով նախահաշվում ցույց են տալիս, որ ասենք, մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրը արժե 85 հազար դրամ, փաստացի վճարվում է 53 հազար դրամ: Այսինքն այս կերպ փորձում են ցույց տալիս, թե շատ էժան պատուհան են ձեռք բերել, մինչդեռ իրականում այդ պատուհանը արժե ոչ թե 53, այլ 30 հազար դրամ:

Վերահսկիչ պալատը իր ընթացիկ հաշվետվության մեջ հաղորդում է Դատաիրավական ԾԻԳ-ի կողմից հարյուր միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերի մասին: Օրինակ, մի դեպքում նախահաշվային արժեքները գերազանցող պայմանագիր կնքելու արդյունքում ԾԻԳ-ի կողմից վարկային միջոցների անարդյունավետ ծախսը կազմել է 270 միլիոն դրամ: Կամ դատական համակարգի համար ձեռք է բերվել տեղեկատվական տերմինալներ` շուկայում առկա տերմինալների գնից առնվազն երկու անգամ ավելի բարձր գնով: Արդյունքում, ըստ Վերահսկիչ պալատի, անարդյունավետ ծախսը կազմել է 185 միլիոն դրամ: Կամ երեք անգամ թանկ աթոռներ են ձեռք բերվել եւ այս դեպքում էլ անարդյունավետ ծախսը կազմել է 28 միլիոն դրամ:

Թե ինչո՞ւ է ԾԻԳ-ը շուկայական արժեքից թանկ ապրանքներ ձեռք բերել եւ քանի միլիոնի վնաս է հասցրել պետբյուջեին, թերեւս պարզ կդառնա հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատաիրավական ԾԻԳ-ը չի ընդունում իրեն վերագրվող խախտումները եւ արդեն հայտարարել է, որ Վերահսկիչ պալատի ամբողջ հաշվետվությունը «չհիմնավորված ակնարկներ եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ է պարունակում»:

Թե իրականո՞ւմ ինչ հանգուցալուծում կստանա շատերի գնահատմամբ կոռուպցիայի առկայությունը փաստող այս պատմությունը, պարզ չէ: Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, ասել է, թե Հայաստանը չի կարող ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նոր ծրագրում, քանի որ թեեւ մոտեցել, սակայն դեռեւս չի բավարարում կորպորացիայի սահմանած կարեւորագույն ցուցանիշներից մեկի` հակակոռուպցիոն ցուցանիշի պահանջները: