Պետբյուջեի գումարները մսխվել են մալուխների, պատուհանների «օգնությամբ»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր խորհրդարան էր եկել մալուխով, որպեսզի պատգամավորներին փաստացի ցույց, թե ինչպես են պետական բյուջեին հաշվին 100 դրամանոց մալուխը գնում 1000 դրամով:

«Երբ կառուցել են դատարաններ, օգտագործել են սովորական մալուխ: Այս մալուխի մեկ մետրը մեր խանութներում վաճառվում է 110 դրամով, ինձ մոտ կտրոնը կա: Նախահաշիվներում այս նույն մալուխի դիմաց գրված է եղել 1007 դրամ», - հայտարարեց Զաքարյանը:

Վերահսկիչ պալատի նախագահն, այսօր ներկայացնելով պետական գնումների գործընթացի վերաբերյալ հաշվետվությունը, փաստեց, որ երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների եւ ծառայությունների համար պետությունը վճարում է դրանց իրական արժեքից շատ ավելի մեծ գումարներ: Ամենապարզագույն օրինակը մալուխի դեպքն է:

Վերահսկիչ պալատի նախագահը մեկ այլ օրինակ էլ բերեց` ցույց տալու համար, թե ինչպես են պետական բյուջեից գումարներ մսխվում, ասենք, դատարանների պատուհանների «օգնությամբ»: Այսպես, ըստ Վերահսկիչ պալատի, միտումնավոր կերպով նախահաշվում ցույց են տալիս, որ ասենք, մետաղապլաստե պատուհանի մեկ քառակուսի մետրը արժե 85 հազար դրամ, փաստացի վճարվում է 53 հազար դրամ: Այսինքն այս կերպ փորձում են ցույց տալիս, թե շատ էժան պատուհան են ձեռք բերել, մինչդեռ իրականում այդ պատուհանը արժե ոչ թե 53, այլ 30 հազար դրամ:

«Ու ասում են` ահագին տնտեսում ենք արել: Արհեստական ուռճացնում են ամբողջ նախահաշիվը, հետո փաստացի կատարում են ծախսեր, մենք ասում ենք` ինչո՞ւ եք ուռճացրել... ուռճացնում են, շատ փող են տանում պետությունից», - ասաց Վերահսկիչ պալատի նախագահը:

Իշխան Զաքարյանը մեկ այլ աղաղակող օրինակ էլ բերեց, թե ինչպես կրկին Դատաիրավական ծրագրերի իրականացման գործակալությունը դատական գլոբալ ցանցի կազմակերպման տեխնիկատնտեսական հիմնավորման համար 545 հազար եվրոյին համարաժեք դրամի չափով պայմանագիր է կնքել ամերիկյան եւ հայկական ընկերություններից բաղկացած կոնսորցիումի հետ: Սակայն հետ պարզվել է, որ կես միլիոն եվրոյից ավելի գումարը փոխանցվել է միայն ամերիկյան ընկերությանը, մինչդեռ հայկական ընկերությունը, որի մասնագետները պետք է իրականացնեին տվյալ ծրագիրը, որեւէ գումար չի ստացել, հետեւաբար որեւէ աշխատանք չի կատարել: Թե ինչի՞ վրա է ամերիկյան ընկերությունը ծախսել վարկային ծրագրից հատկացված 540 հազար եվրոն, պարզ չէ: Վերահսկիչ պալատը ամերիկյան ընկերությունում ուսումնասիրություն անելու իրավունք չունի, հետեւաբար ըստ Իշխան Զաքարյանի` հաշվի առնելով այստեղ առկա կոռուպցիոն ռիսկերը, Վերահսկիչ պալատը ոչ միայն այս, նաեւ մյուս բոլոր գործերը, որոնք վերաբերում են Դատաիրավական ԾԻԳ-ի կողմից բյուջետային եւ վարկային միջոցների ծախսմանը, ուղարկել է դատախազություն:

«Կարծում եմ, որ մոտ ապագայում կհարուցվի քրեական գործ», - ասաց Զաքարյանը` ընդգծելով, որ իրավիճակը գնումների համակարգում առհասարակ խիստ մտահոգիչ է:

Իշխան Զաքարյանը ընդգծեց, որ գնումների ոլորտում կա եւս մեկ անընդունելի խնդիր, որի մասին իրենք երկու տարի է խոսում են. դա մրցույթնների անցկացմանն է վերաբերում: Մասնավորապես, պետության համար այս կամ այն ապրանքը ձեռք բերելու կամ ծառայությունը իրականացնելու նպատակով անցկացվող մրցույթները շատ հաճախ ձեւական են լինում. - «Նախօրոք պայմանավորված սցենարով կազմակերպվում են մրցույթներ, եւ նույնիսկ դեպքեր ունենք, երբ կազմակերպությունը մասնակցում է մրցույթի, մրցութային փաթեթները բացվում են, այն շահում է որոշ ապրանք մատակարարելու խնդիրը, եւ հանկարծ մենք հայտնաբերում ենք, որ ինքը այդ ապրանքը ներկրել, ստացել կամ բերել է 3-4-5 ամիս առաջ: Այսինքն ինքը նախօրորք գիտեր, որ այդ մրցույթում պետք է հաղթեր»:

Հայտնաբերված աղմկահարույց խախտումների վերաբերյալ Իշխան Զաքարյանի ներկայացրած փաստերը հարուցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմանքը, թե «փաստորեն գործ ունենք թալանչիների հետ»:

«Եվ սրա վերջը ի՞նչ է լինելու, խոսում եք ստվերից, իրական փողեր են բյուջեից որոշ մարդիկ լափել, եւ մենք ոչ մի քայլ չենք անում դրա դիմաց», - ասաց ԱԺ նախագահը:

Հովիկ Աբրահամյանը շարունակեց, որ եթե հայտնաբերում են այդ յուրացումները, բայց ոչ մի պատիժ չի կիրառվում, ապա հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենք էլ են այդ ամենին մասնակիցը:

«Ես զարմացած եմ ուղղակի եւ կարծում եմ, որ վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի: Ես գտնում եմ եւ կարծում եմ, որ բոլոր պատգամավորները համամիտ կլինեն ինձ հետ, որ սա պետք է ունենա լուրջ հետեւանքներ, եւ այդ մարդկանց պետք է ազատեն աշխատանքից, ովքեր զբաղված են թալանով, յուրացումներով», - հայտարարեց Աբրահամյանը:

Հաշվի առնելով, որ խախտումների մի մասը հայտնաբերվել են հենց Դատաիրավական ԾԻԳ-ի կողմից կատարած ծախսերում, ԾԻԳ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեցիքն, թե ինչպե՞ս է բացատրում այդ ամենը: Նա նախ ընդգծեց, թե պալատը ուսումնասիրությունը կատարել է 2009 - 2010 թվականներին, այսինքն այն ժամանակ, երբ դեռ ինքը նախարար չէր նշանակվել: Եվ հետո 2010 թվականի նոյեմբերից նախարարի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովամսյանը նկատեց, թե Ազգային ժողովը դատարան չէ, եւ այնտեղ դատավճիռներ չեն կայացվում:

«Դատախազությունում չեն այդ գործերը, դրանք բոլորը արդեն երեք ամիս է փոխանցվել են ոստիկանություն, եւ դեռ որեւէ փաստով հանցակազմ չեն նկատել, քրեական գործ չկա հարուցված», - ասաց նախարարը:

Անդրադառնալով կոնկրետ մալուխների դեպքին` նախարարն ասաց. - «Մեկն ասում է` ես 10 ռուբլով կանեմ գործը, մյուսն ասում է` ես կանեմ 8 ռուբլով: Նա, ով 8 ռուբլով է անում, իր մոտ մալուխը շատ թանկ է: Հիմա ի՞նչ անենք, պետք է մրցույթի հաղթող ճանաչել նրան, ով մալուխն է էժան ասում, թե՞ նրան, ով ամբողջ գործն է ավելի էժան անում: Այստեղ ես բավականին օբյեկտիվ եմ, որովհետեւ այդ ամբողջը եղել է այն ժամանակ, երբ ես չեմ եղել նախարար»:

Ավելի ուշ Վերահսկիչ պալատի նախագահին հարցրեցինք, թե տարօրինա՞կ չէ, որ չնայած իրենց կողմից ներկայացված բազմաթիվ փաստերին, ոստիկանությունը առայսօր քրեական գործ չի հարուցել: Զաքարայնը ասաց` օրենքն ասում է, որ եթե կա քրեաիրավական բնույթի կասկած, ապա գործը պետք է ուղարկել դատախազություն: Իրենք դա արել են, եւ այժմ իրավապահ մարմինները պետք է իրենց գնահատականը տան:

Հավելենք, որ Դատաիրավական ԾԻԳ-ն իր հերթին պարզաբանումներ է ներկայացրել Վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ` հայտարարելով, թե պալատի եզրահանգումները եւ առաջարկությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը եւ հիմնավորված չեն:

«Շուրջ 7 միլիարդ ՀՀ դրամի ծրագրերը ստուգելու արդյունքում ամբողջ հաշվետվությունում զուտ գումարային առումով իբրեւ թե պետական բյուջե վերականգնման ենթակա գումար նշված է մոտ 5 միլիոն ՀՀ դրամ գումար, որի վերադարձման պահանջը փաստացի անհիմն է եւ չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից: Այնուամենայնիվ, առանց որեւէ իրավական հիմնավորման եւ բավարար հիմքեր ունենալու Վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում է կայացրել, որ ի տարբերություն 2012 թվականի տարեկան ծրագրով վերահսկողության ենթարկված այլ բազմաթիվ հաշվետվությունների հենց սույն հաշվետվությունը պետք է ուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ ուսումնասիրման: Կազմված ընթացիկ հաշվետվության վերաբերյալ Դատաիրավական ԾԻԳ պետական հիմնարկը ունի իր հիմնավորված առարկություններեւ եւ բացատրությունները: ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հաստատված հաշվետության վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել նաեւ Համաշխարհային բանկը եւ ՀՀ կառավարությունը: Մասնավորապես, Համաշխարհային բանկը նշել է որ հաշվետվությունը եւ բազմաթիվ այլ փաստաթղթեր ուսումնասիրելու արդյունքում ԾԻԳ-ի գործողություններում որեւէ էական խախտումներ կամ որեւէ չարաշահումներ չեն հայտնաբերվել: Նման դիրքորոշում ունի նաեւ ՀՀ կառավարությունը», - հայտարարում է ԾԻԳ-ը: