Դանիա - Հայաստան՝ 0:4

Հայաստանի հավաքականը Դանիային խփած հերթական գոլից հետո, Կոպենհագեն, 11-ը հունիսի, 2013թ.

Անհաջողությունների 9 ամիս տեւած շարքից հետո Հայաստանի թիմը վերստին աչքի ընկավ փայլուն խաղով։
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ փուլում Հայաստանի հավաքականը երեքշաբթի ուշ երեկոյան Կոպենհագենում խոշոր՝ 4:0 հաշվով առավելության հասավ Դանիայի թիմի նկատմամբ։

Առաջին գնդակը դաշտի տերերի դարպասը ուղարկեց Յուրա Մովսիսյանը՝ հանդիպման առաջին իսկ րոպեին, ապա հաջորդեց Արազ Օզբիլիսի խփած գոլը՝ 19-րդ րոպեին։ Երկրորդ խաղակեսում կրկին գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ 59-րդ րոպեին, իսկ 82-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց Հայաստանի թիմի չորրորդ գնդակը։

Անհաջողությունների 9 ամիս տեւած շարքից հետո Հայաստանի ազգային հավաքականը վերստին աչքի ընկավ փայլուն խաղով։

Այժմ Հայաստանը 6 հանդիպումից հետո ունի նույնքան միավոր եւ չորրորդ տեղն է գրավում ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակում։ Աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը՝ 14 միավորով, որին հաջորդում են Բուլղարիան՝ 10, եւ Չեխիան՝ 9 միավորով։

Հաջորդ հանդիպմանը՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Չեխիային։ Մինչ մրցաշարի ավարտը եւս երկու հանդիպում հայաստանցի ֆուտբոլիստները կանցկացնեն սեփական հարկի տակ՝ ընդունելով Դանիային եւ Բուլղարիային, եւ վերջին փուլում կհյուրընկալվեն Իտալիային։