Էրդողանը քննադատում է Արեւմուտքին

Սեփական երկրում փողոցներ դուրս եկած ցուցարարներին բարբարոս ու անարխիստ անվանող Թուրքիայի վարչապետը այս օրերին առիթը բաց չի թողնում նաեւ գերտերություններին եւ միջազգային մամուլին քննադատելու համար:

Անցած շաբաթ, մասնավորապես, արձագանքելով ցուցարարների նկատմամբ առավել զուսպ ու հանդուրժող լինելու՝ Արեւմուտքի կոչին, էրդողանը հայտարարեց. - «Մեր գլխին քարոզ կարդացողները թող հիշեն Occupy Wall Street շարժումը, որի դեմ արցունքաբեր գազի կիրառման ու բռնությունների արդյունքում 17 մարդ զոհվեց»:

Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունն անմիջապես Twitter սոցիալական ցանցում արձագանքեց Էրդողանի այս հայտարարությանը՝ պարզաբանելով, որ վարչապետի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում:

«Ուոլ Սթրիթում որեւէ զոհ չի արձանագրվել ոստիկանական գործողությունների արդյունքում»,- հիշեցրել էր ԱՄՆ դեսպանատունը:

էրդողանի հետ հեռակա բանավեճի մեջ է մտել նաեւ ամերիկյան New York Times-ը, որը վարչապետի սուր քննադատության թիրախում հայտնվեց, երբ համաձայնեց մի ամբողջ էջ տրամադրել ցուցարարներին գովազդային հիմունքներով: Թերթում հրապարակված «Ինչ է կատարվում Թուրքիայում» վերտառությամբ այս հոդվածում ընդդիմադիրները ի լուր աշխարհի մեկ առ մեկ թվարկել էին էրդողանի բիրտ իշխանավարման «հմայքները»՝ մարդու իրավունքների ոտնահարումից մինչեւ երկրում իսլամական կարգերի ամրապնդում:

«Սա հստակ օրինակ է, որ արեւմտյան մի շարք պարբերականներ պատվերով քարոզչական արշավ են իրականացնում իմ կառավարության դեմ» օրեր առաջ պնդեց Թուրքիայի վարչապետը:

Արձագանքելով այս քննադատությանը՝ հեղինակավոր New York Times-ը պարզաբանեց, որ գովազդ ընդունում է ոչ միայն էրդողանի դեմ պայքարող ցուցարարաներից, այլեւ բոլոր այն լոբբիստական խմբերից, որոնք ուզում են իրենց տեսակետները տարածել։

«Մենք հրապարակում ենք այդօրինակ գովազդները, քանի որ հավատում ենք ամերիկյան Սահմանադրության առաջին փոփոխությանը, որը ոչ միայն հնարավորություն է տալիս լուրեր ու խմբագրականներ տպագրել, այլեւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, երաշխավորում է հասարակության՝ լսելի լինելու իրավունքը»,- գրել է New York Times-ի խմբագրակազմը՝ թուրքական Hurriyet-ի հարցմանն ի պատասխան:

Ամերիկյան թերթի այս պարզաբանումը, սակայն, կարծես թե էլ ավելի է բորբոքել էրդողանի կառավարությանը:

«Իմ աչքերն ուղղակի արցունքով լցվեցին, երբ կարդացի նրանց խոսքերը Սահմանադրության առաջին փոփոխության մասին»,- հեգնել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը ու պնդել, թե տարիներ առաջ Միացյալ Նահանգներում ինքն անձամբ բազմիցս փորձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող տեքստեր ու գովազդային վահանակներ պատվիրել, բայց նույն New York Times-ը երբեւէ չի համաձայնել՝ անգամ համապատասխան վճարի դիմաց: