ՀԾԿՀ-ն հաստատեց գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում հաստատեց գազի եւ էլեկտրաէներգիայի նոր` ավելի բարձր սակագները:

Ըստ այդմ` մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողը հուլիսի 7-ից մեկ խորանարդ մետր գազի դիմաց պետք է վճարի 156 դրամ` ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը հուլիսի 7-ի բարձրանում է 8 դրամով` հասնելով 38 դրամի:

Որոշումները հանձնաժողովի անդամները հաստատեցին միաձայն քվեարկությամբ:

Նիստին ներկա էին «ՀայՌուսգազարդ» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ղեկավարները, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Հանրային խորհրդի եւ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հասարակական պաշտպանների միություն» կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը հրապարակեց, իր խոսքով, 300 քաղաքացիների ստորագրած նամակը, որում խստորեն քննադատվում է հանձնաժողովի գործունեությունը. - «ՀԾԿՀ-ն համագործակցում է հակաժողովրդական իշխանությունների եւ քրեաօլիգարխիայի հետ` դառնալով հանցակից»:

«Մենք գտնում ենք, որ ՀԾԿՀ-ի գործողությունները ոչ իրավաչափ են, եւ պահանջում ենք ՀԾԿՀ-ի հրաժարականը», - եզրափակում են նամակի հեղինակները:

Գրիգորյանը ներկայացրեց նաեւ իր ղեկավարած կազմակերպության գնահատականը` նույնպես պահանջելով հանձնաժողովի հրաժարականը:

ՀՇԿՀ-ի նախագահը հակադարձեց. - «Եթե հանձնաժողովը օրենքն է խախտել, դիմեք դատարան»:


Նիստի ընթացքում հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց թույլ չէին տվել ներս մտնել:

Նիստից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, հարցին, թե ինչ միջոցներով է Կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու գազի սակագինը, արձագանքեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանից ստացել է համապատասխան «գրավոր փաստաթուղթ»:

«Այդ 30 տոկոս նվազ մեծությունը ամբողջությամբ, մեխանիզմները եւ աղբյուրները այս պահին, գրության մեջ այդպես էլ գրված է` քննարկվում է Ռուսաստանի Դաշնության հետ: Ավարտելուց հետո բանակցությունները անպայման կտեղեկացվի ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը: Եվ այդ պաշտոնական գրությունը վարչապետի մենք ընդունել են ի գիտություն, ի ղեկավարում եւ նաեւ ի կատարում», - հավելեց Ռոբերտ Նազարյանը` շարունակելով. - «Այս սուբսիդավորման մեծությունը, այս փոխհատուցման մեծությունը ոչ թե լինելու է մեր Կառավարության, բյուժեի միջոցների հաշվին, այլ սա հենց այն բանակցություններն են, որ երկար շարունակվում»:

Իսկ «ՀայՌուսգազրադ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը վստահեցրեց, թե սուբսիդավորում «անպայման լինելու է». - «30 տոկոս նվազումը լինելու է: Համատարած կլինի, բայց ոչ Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին»:

Այսօր սահմանված գազի սակագնի վերաբերյալ Հարությունյանն ասաց. - «Բնական է, որպես «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն` դժգոհ եմ: Որպես երկրի քաղաքացի, որպես սպառող, չեմ կարող դժգոհ լինել»:

«ՀայՌուսգազարդ»-ը, հիշեցնենք, ՀԾԿՀ ներկայացրած հայտում առաջարկել էր մեկ խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 221 դրամ:

Անդրադառնալով իրանական գազի գնին` «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենն ասաց. - «Քանի որ մենք այսօր գազատրանսպորտային համակարգի մենաշնորհ ունեցող կազմակերպություն ենք, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե կլինի գազի գինը, որն այսօրվա ֆիքսված գազի գնից էժան կլինի, մենք պատրաստ ենք կնքել պայմանագիր այդ կառույցի հետ եւ որպես այլընտրանք դիտարկել նաեւ իրանական գազը»:

Իսկ ՀԾԿՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, չսպասելով նիստի ավարտին, շարժվեցին դեպի նախագահական նստավայր եւ հանձնեցին հանձնաժողովի հրաժարականի պահանջով նամակ: