Կառավարությունը գումարներ է հատկացնում կարկտից տուժածներին

Արմավիրցիները փակել են մայրուղին` կարկտահարության վնասները փոխհատուցելու պահանջով: 20-ը մայիսի, 2013թ.

Կառավարությունն այսօր ավելի առարկայական անդրադարձավ Արմավիրի մարզի կարկտից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու հարցին:

«Պետք է հետեւողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը հասնի տեղ, եւ գյուղացիները զգան, որ պետությունը իրենց կողքին է», - նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կարկտահարությունից տուժած գյուղացիներին հողի հարկի փոխհատուցման համար հատկացվելու է 207 միլիոն դրամ, իսկ ջրի վարձավճարները փոխհատուցելու համար նախատեսվում է 650 միլիոն 102 հազար դրամ:

Ջրօգտագործողների մոտ, ըստ վարչապետի, մեկ այլ խնդիր էլ կա. - «Կան տնտեսություններ, որոնք հանքային ջրեր են օգտագործում: Եվ այնտեղ, եթե նրանք օգտագործում են էլեկտրաէներգիա, ապա այդ էլեկտրաէներգիայի վճարները ի վիճակի չեն լինելու ծածկելու: Դրա համար առաջարկում եմ ձեզ, որ դա էլ ներառենք այս որոշման մեջ»: Խոսքն այստեղ 7 միլիոն դրամի փոխհատուցման մասին է:

Արմավիրի մարզում կարկտից 100 տոկոսով տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այս պահին մենք ունենք տեղեկատվությունը 1606 ընտանիքների վերաբերյալ, որոնք առաջնահերթ օգնության կարիք են զգում: Մենք ունենք մեր օրենսդրությամբ` անապահովության գնահատման համակարգում, նաեւ հրատապ օգնության տրամադրում, եւ այդ հրատապ օգնությունը յուրաքանչյուր ամիս 16 հազար դրամի չափով է տրամադրվում: Այս դեպքում որոշման նախագծով ամրագրվել է 3 ամսվա եւ ամբողջացնելով` 50 հազար դրամի չափով դրամական օգնություն տրամադրել այդ 1606 ընտանիքներին»:

Անցած ամիս, հիշեցնենք, Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: