Անպատասխան հարցեր` Սյունիքի մարզպետարանի տեքստի առնչությամբ

Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում թեժ պահերի նկարագրութուններով, մարտաֆիլմի սցենար հիշեցնող տեքստը ներկայացված է որպես սղագրություն՝ իբրեւ դեպքերի զարգացման ընթացք:
Եթե զինդատախազ Գեվորգ Կոստանյանը հայտարարում է, թե Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրություններն ու տեսագրող սարքերն առգրավվել են դեպքից ժամեր անց, ոստիկանության Գորիսի բաժնի պետն ասաց, թե այդ տեսանյութերն ու սարքերն առգրավվել են գիշերը, իսկ քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանի խոսքով՝ առգրավումը եղել է հունիսի 2-ի առավոտյան, նա ի դեպ, ասաց, որ կա արձանագրություն:

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում թեժ պահերի նկարագրութուններով, մարտաֆիլմի սցենար հիշեցնող տեքստը ներկայացված է որպես սղագրություն՝ իբրեւ դեպքերի զարգացման ընթացք: Ֆեյսբուք սոցիալական ցանցում պնդումներ կան, որ այդ տեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր հարձակում է եղել Խաչատրյանների տան վրա, իսկ մարզպետի տանեցիները, առավելապես տիկնոջ մարտական կտրուկ հնարքների առաջնորդությամբ, ընդամենը պաշտպանվել են:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարո՞ղ էին մարզպետարանի աշխատակիցները մտնել Սուրիկ Խաչատրյանի տուն եւ հետազոտել այդ տեսանյութը, Ոստիկանության Գորիսի բաժնի պետ, գնդապետ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ինչո՞ւ չէին կարող։ Իրենց տունն է, հիմա էլ ով ուզում է՝ մտնում դուրս է գալիս»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը հաստատեց, որ միջադեպից հետո մարզպետի տունը հատուկ պահպանության էր հանձնված եւ մարզպետարանի աշխատակիցներին չէր թույլատրվում ազատ ելումուտ անել այնտեղ։

Մեր հարցին, թե այդ դեպքում մարզպետարանի աշխատակիցները որտե՞ղ են դիտել այդ տեսանյութերը եւ տարածել համապատասխան տեքստը, Մանուչարյանը արձագանքեց. - «Միգուցե չեն էլ տեսել, լսելով են այդ ամեն ինչը արձանագրել»։

Գորիսի քննչական բաժանմունքի պետը նաեւ հաստատեց, որ տեսանյութը նախաքննական գաղտնիք է պարունակում եւ դրա հրապարակումը օրենքով արգելված է։

Անհրաժեշտ է «ծառայողական քննություն»

Իրավաբանները քննարկում են հարցը, թե ո՞ր մարմինը պետք է քննի տեսագրության վերծանման կապակցությամբ պատասխանատվության հարցը եւ հատկապես ո՞վ պետք է ենթարկվի պատասխանատվության: Իրավաբանները խնդրի գնահատման համար անհրաժեշտ են համարում պարզել՝ արդյոք մարզպետարանի հրապարակած տեքստի աղբյուրը նախաքննակ՞ն նյութերից է, եւ առգրավվա՞ծ տեսանյութի վերծանման տարբերակն է հայտնվել պաշտոնական կայքում:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն իր տեսակետը հրապարակեց՝ նկատի ունենալով գլխավոր դատախազի մամուլի խոսնակի պնդումը, թե մարզպետարանի հրապարակածն անթույլատրելի է

«Արդյոք այս մարդկանց հետ կարգավիճակային առումով դատախազությունը որեւէ հարց չունի՞: Եթե, ասենք, գործով վկան է հրապարակել, ես կհասկանամ, որ պատասխանատվություն կա: Մարզպետարանը իր սեփական տունը չէ, որ ինչպես ուզեն` օգտագործեն: Ո՞վ է Սյունիքի մարզպետարանը, որ ներկայացնի տարբերակ: Դա նախաքննական մարմին չէ», - ասում է փաստաբան Սեդա Ստեփանյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, մարզպետարանի կայքում տեսագրության հայտնի տարբերակն աջակցություն է նախկին մարզպետին:

«Մարզպետի առանձնատան տեսախցիկների տեսագրությունները չպետք է հայտնվեին մարզպետարանի աշխատակիցների ձեռքին: Եթե տեսանյութերը չեն առգրավվել, դա հաստատ նախաքննական մարմնի թերացումն է, իսկ եթե առգրավվել են, ավելի վատ. ուրեմն նշանակում է նախաքննական մարմինը չի ապահովել նախաքննական գաղտնիքը եւ հնարավորություն է տվել առգրավված այդ տեսանյութերին ծանոթանալ մարդկանց, որոնք որեւէ իրավասություն չունեին դա կատարելու: Այսինքն դա պետք է հանդիսանա ծառայողական քննության առարկա», - ասում է Արթուր Սաքունցը:

Իրավաբանները նշում են, որ Գորիսի դեպքերի նախաքննությունն իրականացնող մարմինը պարտավոր է քննության նյութ դարձնել մարզպետարանի հրապարակած տեքստը:

«Տեսագրությունը չենք տեսել»

Մարզպետարանի հայտարարության մեջ նշված է, թե «մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետի` Գորիսի եւ Կապանի նստավայրերում աշխատող օգնականները` Արա Միրզոյանը, Արմեն Ավետիսյանը, Վաչե Գրիգորյանը միաձայն պնդում էին, որ միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի տուն չեն գնացել, տեսագրությունը չեն տեսել:

Նույն պատասխանները ստացանք մարզպետարանի մի շարք այլ պաշտոնյաներից՝ վարչության պետերից, քարտուղարության պետից, անձնակազմի կառավարման բաժնի պետից: Մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել մարզպետարանի գոնե մի աշխատակից, որը կհաստատեր, որ անձամբ ինքը տեսել է այն տեսագրությունը, որը, ինչպես հավաստիացնում են իրավապահ մարմինները, առգրավված է: