Պապ. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»

Արգենտինա - Կարդինալ Բերգոլիոն եւ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Բուենոս Այրեսի հայկական եկեղեցում, արխիվ

Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց ի վեր առաջին անգամ կարդինալ Բերգոլիոն հրապարակավ արտահայտեց իր հայտնի դիրքորոշումը:
«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր», - հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Ինչպես Վատիկանից հաղորդում է Il Messagero իտալական պարբերականը, այս հայտարարությամբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես է եկել երկուշաբթի առավոտյան` ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Պետրոս 19-րդի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Պատրիարքին ուղեկցող մի կին Հռոմի պապին ասել է, որ ինքը Մեծ եղեռնից մազապուրծ մի ընտանիքի դուստրն է: Ֆրանցիսկոսը լսել է կնոջը` բռնելով նրա ձեռքերը, եւ շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը անցած դարի առաջին ցեղասպանությունն էր, փոխանցում է Il Messagero-ն:

Արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն, ով մոտ երեք ամիս առաջ ընտրվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ, տարիներ առաջ հրապարակավ պահանջել էր Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Կարդինալը միշտ բարեկամական կապեր է ունեցել արգենտինահայ համայնքի հետ, մասնակցել տարբեր հայկական միջոցառումների` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ներկա է եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցած պատարագներին:

Այդուհանդերձ, առաջին անգամն է, որ նա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը հրապարակավ արտահայտում է որպես Հռոմի պապ, ընդգծում է իտալական պարբերականը: