Մեղրեցիներին անհանգստացնում է նոր հանքերի շահագործման հնարավոր հեռանկարը

Մեղրիում ստորագրահավաք է սկսվել նոր հանքերի շահագործման դեմ: Արդեն 1000-ից ավելի քաղաքացիներ են միացել ստորագրահավաքին, մեղրեցիների գերակշիռ մասը դժգոհ է հանքերի շահագործման հետեւանքներից:
«Մեր խնդիրը պարզապես աղմուկ հանելը չէ, մեր խնդիրը այն, էր որ մարդիկ համոզվեն, որ այն ինչի մասին խոսում ենք, իսկապես լուրջ խնդիր է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը Մեղրու տարածաշրջանում 14 հանքի դեռեւս ուսումնասիրության արտոնագիր է տվել, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ուսումնասիրությունից հետո հանքերը որպես կանոն սկսում են շահագործվել: Մեղրի քաղաքի բնակիչները դեռ հունվարին բաց նամակ են գրել հանրապետության նախագահին` խնդրելով չթույլատրել Մեղրիում նոր հանքերի շահագործում, քանի որ դա, նրանց կարծիքով, աղետալի վիճակի կհանգեցնի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան:

Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը փոխանցեց, որ այդ հանքավայրերի մեծ մասը գտնվում են բնակավայրերից բարձր նիշի վրա` ընդգրկելով ջրային եւ օդային ավազանները, ինչ առավել վտանգավոր է դարձնում դրանց հնարավոր շահագործումը:

«Բացի այն որ ծանր մետաղները ամբողջությամբ կհայտնվեն մեր կենցաղում, դրանց արտահանումը ուղղորդվելու է ռադիոակտիվ նյութերով, մասնավորապես ուրանով եւ թորիումով», - ասաց Մարատ Օհանյանը` հավելելով, որ այդ պատճառով Մեղրին 15-20 տարի հետո կարող է ապրելու համար վտանգավոր տարածք դառնալ:

Այժմ Մեղրիում շահագործվում է երկու մետաղական հանք` Ագարակի պղնձամոլիբդենային եւ «Սիփան մեկ» ոսկու հանքերը, երկուսն էլ բաց եղանակով, «Սիփան մեկի» պոչամբարը գտնվում է Մեղրի գետի վրա: Հանքերի պոչամբարների պատճառով զգալիորեն տուժել է քաղաքի էկոլոգիան, վատանում է մարդկանց առողջական վիճակը, իսկ բազմաթիվ ծառատեսակներ` ծիրանենիներ, նռնենիներ եզակի են դարձել:

«Ծանր մետաղները լցվում են գետի մեջ, այնտեղ արդեն ձուկ չկա, միկրոֆլորան ամբողջությամբ փոխվել է: Գետն էլ ոռոգում է մեր այգիները, որոնցից օգտվում են եւ մեղրեցիները եւ, չենք թաքցնում, այդ բերքը վաճառվում է հանրապետության տարբեր քաղաքներում», - նշեց Մարատ Օհանյանը:

Ի դեպ, այժմ ուսումնասիրվող 14 հանքերը եւս մետաղական են:

Բացի հանքերի պոչամբարներից, որոնք աղտոտում են Մեղրի գետը, դրանք վնաս են պատճառելու նաեւ բավականին արագ կառուցվող 9 ՀԷԿ-երը, որոնցից երկուսը արդեն գործում են, երրորդի կառուցումը շուտով կավարտվի: Դրանք իրարից 3-4 կմ հեռավորության վրա են գտնվում, եւ Մարատ Օհանյանի փոխանցմամբ` արդեն հիմա գետի գրեթե ամբողջ ջրերը վերցված են խողովակաշարի մեջ, չնայած խոսվում էր դրանց միայն 30 տոկոսի մասին:
«Ես համոզված եմ, եթե ինն էլ գործեն, այդ ամբողջ տարածքը ենթարկվելու է մասսայական չորացման: Մենք այդ տարածքում ունենք 27 էնդեմիկ բույս», - շեշտում է նա:

«Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ այդ ՀԷԿ-երի մի մասը կառուցվում են «Արեւիկ» ազգային պարկի տարածքում, որը մտնում է հատուկ պահպանվող տարածքների մեջ:

«Երբ էներգետիկ նպատակով փոխվում էր այդ տարածքի կարգավիճակը, նույնիսկ Բնապահպանության նախարարությունը, որը հազվադեպ է միջամտում, շատ մեղմ ասաց, որ դա հատուկ պահպանվող տարածք է, բայց «Հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը ուղղակիորեն է արգելում այդ տարածքում գործունեությունը, որը կխաթարի այդտեղի էկոհամակարգը: Պարզ չէ, որ փոքր ՀԵԿ-ը խախտում է: Այս փաստին նույնիսկ ուշադրություն չդարձվեց», - ասաց Զարաֆյանը:

Նախագահին ուղղված նամակին պատասխանել են բնապահպանության նախարարությունից, սակայն պատասխանը մեղրեցիներին չի բավարարել: Այժմ քաղաքում ստորագրահավաք է սկսվել հանքերի շահագործման դեմ:

Ուսումնասիրվող հանքերը, ըստ օրենքի, կսկսեն շահագործվել առավելագույնը երեք տարի հետո, եթե բնապահպանության, արտակարգ իրավիճակների եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները դրական եզրակացություններ եւ շահագործման թույլտվություն տան:

Դիտարկմանը, որ մասնագետների գնահատմամբ` թե կառուցվող փոքր ՀԷԿ-երը, թե հանքերը չափազանց վատ էկոլոգիական վիճակ կարող են ստեղծել քաղաքում, բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը արձագանքեց. - «Եթե իքս թվի հեկտարի մեջ կլինեն այդ էնդեմիկ տեսակի բույսերը կամ կենդանիները, բնապահպանության նախարարությունը իրավունք ունի բացասական եզրակացություն տալու: Իսկ արդեն շահագործվող հանքերի եւ ՀԷԿ-երի մասով կարող եմ ասել, որ այնտեղ հասարակական լսումներ եղել են եւ համայնքները դրական եզրակացություններ են ուղարկել: Եթե այն ժամանակ դրական են տվել, հիմա` բացասական, ո՞ւր էր համայնքը հասարակական լսումների ժամանակ»:

Ինգա Զարաֆյանը հիշեց համայնքում անցկացված հասարակական լսումներից մեկը. - «Լիճք գյուղում նույնիսկ լսումներ չէին անցկացվել: Գյուղապետը ստորագրեց այդ համաձայնությունը, ասելով, որ գյուղացիներն ինձ վստահում են եւ ես իմ վրա վերցրել եմ այդ պարտավորությունը ստորագրել այդ համաձայնությունը»: