Հայ խաղաղապահները կարող են Լիբանան մեկնել այս տարվա ընթացքում

Հայ խաղաղապահները Աֆղանստանում

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հաստատեց «Ազատություն» ռադիոկայանի այն տեղեկությունը, որ ՄԱԿ-ը դիմել է Հայաստանին` Լիբանանում, Սիրիայի սահմանին կից հայ խաղաղապահներ տեղակայելու համար:

«Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություն հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես ՄԱԿ-ի միջոցով դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու առաջարկությամբ: Զորախումբը իրականցնելու է խաղաղապահ առաքելությանը բնորոշ սովորական գործառույթներ: Հայկական զորախումբը ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի եւ Իտալիայի պաշտպանության նախարարության հետ` կառուցվածքի, տեղակայման վայրի, ապահովման, քանակի եւ մյուս հարցերի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խոսնակը` հավելելով, որ բանակցությունների նպատակով հաջորդ շաբաթ Հռոմ է մեկնելու Հայաստանի պաշտպանության նախարարության մասնագիտական աշխատանքային խումբը, ինչին կհաջորդի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցը Իտալիա` ավելի մանրամասն պայմանավորվածության համար:

«Նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի հայկական երկու խաղաղապահ դասակ` մինչեւ 50-60 հոգի», - հավելեց Հովհաննիսյանը:

Ըստ պաշտպանութայն նախարարության մամուլի խոսնակի, ՄԱԿ-ը Իտալիայի միջոցով նման առաջարկ է արել Հայաստանին` հաշվի առնելով հայ խաղաղապահների բարձր հեղինակությունն ու նրանց իրականացրած խաղաղապահ առաքելության բարձր մակարդակը:

Հայ խաղաղապահները, հիշեցնենք, խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում եւ Աֆղանստանում: