ՊԵԿ-ը փակել է նորաբաց առեւտրի կենտրոնը

Your browser doesn’t support HTML5

Այսօր ՊԵԿ-ի աշխատակիցները փակել են նորաբաց «Կիլիկիա» առեւտրի կենտրոնը` հիմնավորելով, թե կենտրոնում կազմակերպվել է ապօրինի գործունեություն:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանի պարզաբանմամբ` համապատասխան լիցենզիան տրվել էր սնանկացման գործընթացում գտնվող «Լամ» կազմակերպությանը, որը պայմանագրով այդ փոխանցել էր մեկ այլ կազմակերպության: Նշված պայմանագրում հատուկ կետով վերապահված է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում, եթե դատարանը հաստատում է սնանկացման մեջ գնտվող «Լամ» կազմակերպության առողջացման ծրագիրը:

«Ծրագիրը դատարանի կողմից չի հաստատվել: Ավելին ասեմ` մերժվել է: Այստեղ կազմակերպվել է ապօրինի գործունեություն, քրեական հետապնդում է սկսվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից: Եվ քանի որ ապօրինությունը շարունակվում է, մեր զգուշացումներից հետո տնօրինության կողմից չի դադարեցվել ապօրինի գործունեությունը, ապա այսօր քննիչների եւ օպերատիվ-հետախուզական աշխատակիցների կողմից կատարվում է տեղազննություն եւ միաժամանակ կասեցվում է ապօրինի գործունեությունը», - հավելեց Սարիկյանը:

Առեւտրի կենտրոնում տաղավարներ վարձակալած մարդիկ մինչդեռ տարակուսում էին եւ բողոքում:

«Եթե լիցենզիա չունեն, իրավունք ունե՞ն ինձ փաստաթուղթ տան, որ ես աշխատեմ: Մեկ ամիս առաջ արդեն տրված էր այդ փաստաթուղթը, այսօր նո՞ր հասկացան», - վրդովված ասաց նրանցից մեկը:


Աննա Բարսեղյան