Սեյրան Օհանյանը խոստացել է ուսումնասիրել ազատամարտիկների պահանջները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է սոցիալական պահանջներ ներկայացնող ազատամարտիկների պատվիրակությանը:

Ազատամարտիկները, հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ բողոքի ալիք են բարձրացրել` պահանջելով բարձրացնել թոշակներն ու բարելավել իրենց սոցիալական պայմանները:

Հանդիպմանը մասնակցած ազատամարտիկներից Իշխան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախարարը խոստացել է ուսումնասիրել բարձրացված բոլոր խնդիրները:

«Ինքը հանձնարարականներ տվեց, որ հաշվարկներ կատարել թոշակի հետ կապված, զեղչերի հետ կապված, օրենքների հստակեցում, կարգերի հստակեցում: Մի խոսքով, մենք գոհ ենք իր մոտեցման ձեւից: Հանձնարարականներ տվեց իր տեղակալներին, որպեսզի մի քանի օրվա մեջ այդ հարցերը կարգավորվեն, ներկայացվեն Հանրապետության նախագահին: Եվ արդեն պարզաբանված կիմանանք», - ասաց Սարգսյանը` հավելելով, որ Օհանյանը խոստացել է Սերժ Սարգսյանին խնդիրը ներկայացնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Ազատամարտիկների հիմնական պահանջը կենսաթոշակների բարձրացումն է: Ունեն նաեւ այլ սոցիալական պահանջներ` կոմունալ ծախսերի զեղջերի տրամադրում, բժշկական ապահովագրություն եւ այլն: