Հայաստանի նախագահը հյուրընկալել է Ուելսի արքայազնին

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով մասնավոր այցով Հայաստանում է գտնվում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին` նշելով, որ հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, մեր ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը:

Ընդգծելով, որ հայ - բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, եւ հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել թագուհի Եղիսաբեթ երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ եւ հիշողություններ է պահպանել 2010 թվականին Լոնդոնում թագուհու եւ արքայազնի հետ հանդիպումներից:

«Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է եւ Ձեր ներդրումը», - արքայազն Չարլզին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու եւ Ուելսի արքայազնի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար եւ կարեւորել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաեւ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը:

Նշենք, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի միջոցներով Դիլիջանում կառուցվող դպրոցը նույնպես այդ կոնսորցիումի անդամ է: Երեկ Մատենադարանում Վարդանյանը Ուելսի արքայազնին հանձնել է հավաստագիր` նրա պատվին ծառուղի բացելու վերաբերյալ:

Երեկ, երբ Միացյալ Թագավարության թագաժառանգը այցելել էր Մատենադարան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ներկայացրել է «Երեւան, իմ սեր» ծրագրի բաղադրիչները: Ըստ այդմ` Երեւանի Կոնդ թաղամասում վերակառուցվելու է պատմական երեք շենք, Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքում ստեղծվելու է «Ժառանգության օազիս», որտեղ, ի նպաստ անապահով ընտանիքների երեխաների, գործելու են արվեստի, արհեստի համակարգչային դասարաններ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մայրաքաղաքում հիմնել Ազգային զբոսայգի. բրիտանացի ճարտարապետի գլխավորությամբ կմշակվի 101 հեկտար տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը:

Ռուբեն Վարդանյանը, իր հերթին, ներկայացրել է Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման ծրագիրը: Դպրոցի բացումը նախատեսված է 2014 թվականին: