Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Անցյալ շաբաթ փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը:

Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով եւ թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր ապահովագրական գործն ու անհիմն հարցեր բարձրացնում Կալիֆորնիայի օրենքի օրինականության վերաբերյալ:

Իգոր Տիմոֆեեւը հայցվորների անունից ներկայացրած միջնորդագրում պնդում է, որ Կալիֆորնիայի օրենսդրական ակտը (Բաժին 354.4) չի խախտում որեւէ դաշնային սահմանված քաղաքականություն եւ այդ պատճառով չպետք է կարճվի: Նա պնդում է, որ Կալիֆորնիայի նահանգն իրավասու է կարգավորելու ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք գտնվում են նահանգի իրավազորության եւ իրավասության ավանդական ոլորտում:

Հայցվորների փաստաբանը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը առաջ մղելու համար «դաշնային գործերի կարճման աննախադեպ մի տեսություն: Բոլոր պահանջները, որոնք ծագում են միջազգային միջադեպերից, բացառապես դաշնային իրավասության շրջանակում են, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պահանջները կապված են մասնավոր անձանց ու մասնավոր պայմանագրերի հետ, եւ դաշնային կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել դրանց լուծման համար»:

Տիմոֆեեւը Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը որակում է որպես «հեղափոխական» եւ «նահանգների՝ որպես առանձին ինքնավարության հանդեպ հարգանքին հակասող»: Այնուհետեւ նա շարադրում է իր հակափաստարկները վեց կետից բաղկացած ամփոփագրում.

1. «Արդարացնելու համար 9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը, Կառավարությունը դրսեւորում է արտաքին գործերի դաշտի խափանման տեսության աննախադեպ լայնախոհություն»: Տիմոֆեեւը պնդում է. - «Հայցվորների պահանջները մասնավոր [գերմանական ապահովագրական] ընկերության դեմ են եւ ոչ թե օտար ինքնիշխանության: Այս պահանջներն հիմնական մաս չեն կազմում Միացյալ Նահանգների եւ օտար պետության միջեւ «արտաքին քաղաքականության լուրջ բանավեճի»: Կալիֆորնիայի նահանգը լինելով «ամերիկահայերի ճնշող մեծամասնության բնակավայրը» ունի «օրինական հետաքրքրություն իր տուժած բնակիչների փոխհատուցումը ապահովելու համար, անկախ այն բանից, թե այդ վնասը պատճառվել է երկրի ներսում կամ արտերկրում»:

2. «Վերաքննիչ դատարանը հիմնական սխալ է թույլ տվել. այն անօրինական է համարում նահանգի հիմնավորված հետաքրքրությունն ապահովագրության կարգավորման գործում՝ վաղեմության ժամկետ հաստատելով նահանգի իրավական պահանջների եւ իր տուժած բնակիչների փոխհատուցման ապահովման համար միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունները ծագել են արտերկրում: Սա չէ օրենքի պահանջը»:

3. Հակադրվելով Կառավարության պնդմանը, թե 354.4-րդ բաժինը հիմնված է «արտաքին քաղաքականության կոնկրետ հարցի վերաբերյալ հատուկ քաղաքական տեսակետի վրա ... որը դատապարտում է Օսմանյան կայսրության գործողությունները», Տիմոֆեեւը դատարանին հիշեցնում է, որ նախագահ Օբաման անձամբ է ընդունել, որ օսմանյան զանգվածային ջարդերը եղել են «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը»: Բացի այդ, Նախագահը ջատագովել է այն նահանգներին, որոնք ոգեկոչել են հայերի «ջարդերը Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Տիմոֆեեւը նաեւ պնդում է, որ «Նախագահի կրկնակի գովասանքը նահանգների ոգեկոչման ջանքերի մասին հիմնովին հակասում է Կառավարության պահանջին, թե արտաքին գործերի հայեցակարգը ինքնաբերաբար մերժում է այս հարցի վերաբերյալ «տեսակետ» արտահայտող նահանգի ցանկացած գործողություն»:

4. «Կառավարությունը փորձում է ամրապնդել իր կարճման փաստարկը, հիշատակելով Միացյալ Նահանգների ջանքերը բանակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի պահանջների լուծման համար.... Կառավարությունն ընդունում է, որ 354.4-րդ բաժինը «չի հակասում» այդ դիվանագիտական ջանքերից որեւէ մեկին: Իրոք, Կառավարությունը գիտակցում է, որ «Միացյալ Նահանգները չի .... փորձել բանակցել լուծելու համար հայերի պահանջները, ովքեր այդ ժամանակաշրջանում տուժել են Օսմանյան կայսրությունում»: Փաստորեն, պատճառներից մեկը, թե ինչու Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվում է վավերացնել Ամերիկյան Լոզանի դաշնագիրը՝ «պայմանագրի դրույթների բացակայությունն էր Օսմանյան կայսրությունից հայ փախստականների եւ արտաքսյալների համար»:

5. Կառավարությունը կարծես թե անհանգստացած է, որ 354.4-րդ բաժինը ««ցեղասպանության» քաղաքական պիտակ է փակցնում» Թուրքիային, որը «կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը: Սակայն վախը «օտար պետություններին վշտացնելուց.... նույնիսկ երբ Դաշնային կառավարությունը հուսահատորեն ցանկանում է խուսափել օտար պետություններին վշտացնելուց, իրավական պատճառ չի հանդիսանում խափանելու համար ավանդական նահանգային գործունեությունը.... Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչու 354.4-րդ բաժնով կիրառվող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը վնասակար ազդեցություն կունենա արտաքին գործերի վրա, սակայն նույնը չի կարելի ասել շուրջ քառասուն նահանգների կողմից ընդունված օրենքների եւ բանաձեւերի դեպքում, որոնք հստակորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Կառավարությունը չի բացատրում նաեւ, թե ինչու «դատական պաշտպանության իրավունքներ ստեղծելու» օրենսդրական ակտն ավելի վիրավորական է Թուրքիայի համար, քան նահանգային օրենքները՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկելով որպես դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերի մաս»:

6. «9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը շփոթություն է առաջ բերում ավելի ցածր ատյանների դատարաններում»:

Տիմոֆեեւն արդարացիորեն իր միջնորդագիրը եզրափակում է կոչ անելով Գերագույն դատարանին «վերանայել եւ ուղղել 9-րդ շրջանային դատարանի որոշումը` նախքան ավելի մեծ չարիք պատճառելը»:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի