«2013-ը կարող է վճռական լինել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար»

ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոն, արխիվ

ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի համոզմամբ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի խաղաղությունը վկայում է, որ այն հասանելի է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։
Այսօր Հայաստանը եւ Ադրբեջանը նշում են Հանրապետության օրը։

Երկու հարեւան երկրները բնականոն հարաբերություններ չունեն եւ տեսականորեն կարող են ներքաշվել նոր պատերազմի մեջ, ինչն աղետաբեր կլինի հայերի, ադրբեջանցիները եւ ամբողջ տարածաշրջանի համար։

Այնուամենայնիվ, կողմերը փորձում են պահպանել 1994 թվականի մայիսին կնքած Անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի պահանջները։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ հիմնականում զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, սակայն գործընթացին ուշադրությամբ հետեւում են միջազգային բոլոր կառույցները, գերտերությունները եւ տարածաշրջանի երկրները։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանն այս տարի առաջխաղացում կապահովեն Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում։

«2013 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը հաջորդաբար նախագահում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում։ Դա երկու պետություններին ընձեռում է հակամարտության լուծում գտնելու պատմական հնարավորություն», - ասել է Մինյոնը եւ ավելացրել, որ երկու երկրները պարտավոր են այս տարի կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ։

Նա նշել է նաեւ, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ինքը պարբերաբար հանդիպում է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկում է ղարաբաղյան թեման, բացի այդ, պարբերաբար տեղեկություններ է ստանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահից։

«Այս տարի լրանում է Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ խաղաղության պայմանագրի 50 տարին։ Այդ պայմանագիրը կարող է լավ օրինակ ծառայել նաեւ հայերի ու ադրբեջանցիների համար, քանզի վկայում է, որ հարատեւ խաղաղությունը իրագործելի նպատակ է», - ասել է Ժան-Կլոդ Մինյոնը եւ ավելացրել. - «ԵԽԽՎ-ն ունի կողմերի միջեւ խաղաղության հաստատմանը նպաստելու հնարավորություններ»:

Բաքու կատարած այցի ընթացքում ԵԽԽՎ-ի նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ արտաքին գործոց նախարարության ղեկավարներին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։