Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ղրղըզստան - Հայաստանի պատվիրակությունը ՀԱՊԿ-ի համատեղ նիստի ժամանակ, Բիշքեկ, 27-ը մայիսի, 2013թ.

ՀԱՊԿ-ի բիշքեկյան հանդիպումներին մասնակցում են Հայաստանի արտգործնախարարը, պաշտպանության նախարարը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կայանալու է երեքշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:

ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արման Սաղաթելյանը պատասխանեց միայն, որ «նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, թե դժվարանում է հիշել որեւէ այլ դեպք, երբ Հայաստանի ղեկավարը չի մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:

«Հայաստանի նախագահի որոշումը` չմասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, շատ կարեւոր է», - ասաց վերլուծաբանը եւ մանրամասնեց. - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում տեսնում ենք հետեւյալ միտումը, որ Հայաստանը կարիք ունի ընկալվելու ավելին, քան Ռուսաստանի դաշնակից, կարիք ունի ընկալվելու որպես մի երկիր, որը խորացնում է իր կապերը ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի հետ: Այլ կերպ ասած, Հայաստանի նախագահը մեսիջ է ուղարկում` [Ռուսաստանի կողմից] գազի գնի բարձրացումից ու Եվրասիական միություն մուտք գործելու հարցում [նույն Մոսկվայի կողմից] գործադրված ճնշումից հետո: Այդ մեսիջը նշանակում է, թե Հայաստանը չի զիջելու»:

Կիրակոսյանի կարծիքով, այստեղ կարող է դեր ունենալ նաեւ այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջերս գնալով լավանում են. - «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հետեւողականորեն լավացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ այսօր դարձել է այդ երկիր զենք-զինտեխնիկայի թիվ մեկ մատակարարը, եւ հաշվի առնելով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջին հայտատարությունը` Հայաստանի նախագահի քայլը հարկավոր է տեսնել այդ կոնտեքստում»:

Հայաստանը, սակայն, ներկայացված է բիշքեկյան գագաթնաժողովին: Երեկ Բիշքեկ են մեկնել Հայաստանի Ազգային անվտանգությկան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այսօր Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ, ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը, քննարկվել են «կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը»:

Նիստի արդյուքնում ընդունվել է համատեղ հայտարարություն, ուր հիշատակվում է ղարաբաղյան խնդիրը. ՀԱՊԿ անդամ երկրները, մասնավորապես, կարեւորում են խնդրի «բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»` հաշվի առնելով տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը, այսօր Բիշքեկում հանդիպում են ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները, որի ժամանակ քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի ԱԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը եւ արտգործնախարարաը այսօր մասնակցել են նաեւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ արտգործնախարարների խորհրդի համատեղ նիստին, որի արդյունքում ստորագրվել է որոշում, որով սահմանվել է արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, կազմակերպության մարմինների նիստերի օրակարգը 2013 թվականի երկրորդ կեսի եւ 2014 թվականի առաջին կեսի համար:

Եվս մեկ տեղեկություն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Բիշքեկից հեռախոսով փոխանցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնատդինովը, բիշքեկյան գագաթնաժողովին նախագահի մակարդակով ներկայացված չէ նաեւ Բելառուսը: