Մայիսի 24-ի մամուլ

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, անդրադառնալով գազի` 24, էլեկտրաէներգիայի` 7-8 դրամով թանկանալուն եւ «ՀայՌուսգազարդ»-ի նվազագույն` 8 տոկոս շահութաբերությամբ աշխատելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների պնդումներին, գրում է. - «Սրանք, հասկանալի է, դեռ վերջնական թվերը չեն: «ՀայՌուսգազարդ»-ն իր գինն է ասել, հանձնաժողովը` իր գինը, եւ առեւտուրը սկսվել է: Այստեղ, իհարկե, բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ` ինչպե՞ս է պատահում, որ գազը թանկանում է 18 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան` 27, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միայն 40 տոկոսն է գազով արտադրվում: Ինչո՞ւ է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանդես գալիս «ՀայՌուսգազարդ»-ի փաստաբանի դերում ու մեզ համոզում, թե իբր այդ ընկերությունը նվազագույն շահույթով է աշխատում: Ինչպե՞ս կարող է որեւէ ընկերություն ինչ-որ ապրանք գնել 189 դոլարով, վաճառել 378 դոլարով եւ «նվազագույն շահույթով աշխատել»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Չգիտեմ` արդյո՞ք բավարարվածության զգացում ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի հետ կապված ԱԺ քննարկումներից: Իսկ նախարարնե՞րը. թեթեւացած շո՞ւնչ քաշեցին, թե որոշ ժամանակով ազատվեցինք քննություն տվող աշակերտի նման չիմացածի համար կարմրելուց եւ սեփական համոզմունքներից չբխող հայտարարություններ անելուց: Իսկ երկրի նախագա՞հը. գո՞հ է իր կուսակիցներից ու ձեւավորած խորհրդարանից: Բայց այս պահին ավելի շատ հետաքրքիր է, թե ինչ է մտածում այս ամենի մասին շարքային քաղաքացին, ինչպե՞ս է վերաբերվում կառավարության ծրագրին եւ դրա քվեարկության արդյունքներին, գազի գնի 156 դրամ դառնալը նրան վախեցնո՞ւմ է, թե՞ համարում է, որ «էժան պրծանք»: Գուցե էլի՞ մի հարյուր ընտանիք այս օրերին սկսեց հետաքրքրվել արտերկրում ապրելու պայմաններով ու ինքնաթիռ-ավտոբուսների տոմսերի գներով»:

Անդրադառնալով երկու թանկարժեք բիոզուգարանների թեմային, որոնց համար պետբյուջեից վճարվել է 100 մլն դրամ` «Ժամանակ» թերթը գրում է. - «Աղքատության 35 տոկոս ունեցող, արտագաղթի հսկայական տեմպեր ունեցող երկրում, որը ունի նաեւ ՀՆԱ-ի գրեթե կեսի չափ հասնող արտաքին պարտք, նորանոր պարտքեր կուտակելու անխուսափելի հեռանկարներ, բյուջեի ամեն մի լուման պետք է լինի պետական գաղտնիքի նման թանկ: Սակայն այստեղ կայացվել են, փաստորեն, որոշումներ, որոնք նույնիսկ տնտեսապես ամենաբարեկեցիկ երկրների համար այսօր կարող են շռայլություն եւ ճոխություն թվալ: Խնդիրը միայն զուտ բիոզուգարանների պատմությունը չէ, այլ այն մտայնությունը, որ առկա է կառավարական շրջանակներում, այն անփութությունը եւ նույնիսկ տղայականությունը, որ առկա է պետական միջոցների հետ աշխատանքում: Եվ ամենաէականն այն է, որ այս ամենի համար չկա ոչ մի պատասխանատու: Չկա մեկը, որ կկանգնի եւ հասարակությունից գոնե ներողություն կխնդրի նրա փողերը քամուն տալու համար»:

«Առավոտ» թերթի հետ զրույցում գնահատելով ներքաղաքական իրավիճակը` Դավիթ Շահնազարյանն ասում է. - «Մեկ տարվա ընթացքում երեք ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքական ողջ համակարգը բացահայտեց իր սպառվածությունն ու սնանկությունը: Քաղաքական համակարգը ներկայիս իր վիճակով անկարող է ապահովել որեւէ դրական տեղաշարժ: Թե' իշխանական, թե' ընդդիմադիր, թե' ոչ իշխանական հատվածները փաստացի չունեն քաղաքական բովանդակություն ու գործելակերպ եւ իրենց տարանջատել են հասարակությունից: Իշխանությունը շարունակում է մնալ օլիգարխիկ, չի իրականացնում քաղաքական կառավարում, քաղաքական փոփոխությունների խոստումները մնում են օդում կախված, եւ գործող իշխանությունը առայժմ որեւէ քայլ չի կատարում, որով կապացուցեր, որ մտադիր է Հայաստանը բնականոն զարգացման ուղով տանել, թեեւ ունի դրա բոլոր հնարավորությունները: Ընդդիմադիր դաշտում գերիշխում են սելեկտիվ սկզբունքայնությունը, ոչ հրապարակային, ստվերային գործառույթներն ու գործարքները: Ընդդիմադիր հատվածը հեղափոխական սցենարներից բացի՝ իրավիճակին համարժեք որեւէ քաղաքական օրակարգ այդպես էլ չի ձեւավորել: Անմխիթար է եւ չկայացած ժողովրդավարական ընդդիմությունը, որի կայացումը ժամանակի հրամայական է»: Հարցին, թե ինչ օրակարգ պետք է ձեւավորեին ընդդիմադիր ուժերը, Շահնազարյանը պատասխանել է. - «Ընդդիմադիր դաշտում գերակայում են ցնցումային, անհնազանդության, հեղափոխական եւ ոչ գաղափարական մոտեցումները: Կարեւորագույն խնդիրը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների իրական տարանջատումն է, բայց նախեւառաջ անհրաժեշտ է հասնել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատմանը, եւ ոչ միայն իշխանության ներսում, այլեւ քաղաքական համակարգի ոչ իշխանական եւ ընդդիմադիր հատվածներում»: