Քաղաքապետարանը օմբուդսմենին Փակ շուկայի առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քաղաքացիական, քաղաքական եւ տնտեսական իրավունքների վերականգնման բաժնի մասնագետ Նարեկ Նազարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանը պատասխանել է օմբուդսմենի ապրիլի 30-ի գրությանը` Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինի շնարարությունը դադարեցնելու առնչությամբ:

«Մեզ պատասխանել են, որ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը կրկին զգուշացվել է շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ հայտնել են, որ քաղաքապետարանի կողմից շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում Փակ շուկայի տարածքում», - ասաց Նազարյանը:

Նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գրությամբ մտահոգություն էր հայտնել, որ արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը: Ի դեպ, սա այս հարցով օմբուդսմենի առաջին գրությունը չէր ուղղված քաղաքապետարանին:

Քաղաքացիական քաղաքական եւ տնտեսական իրավունքների վերականգնման բաժնի մասնագետի խոսքով` իրենք պարբերաբար գրություններով դիմել են ընդհուպ մինչեւ դատախազություն: Իսկ բոլոր գերատեսչություններից տարբեր ժամանակներում ստացել են գրեթե նույն պատասխանը, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքները ապօրինի են: Քաղաքապետարանից էլ հայտնել են նաեւ, «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, եւ շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Հարցին, թե արդյոք վերջին գրությամբ իրենց կողմից բարձրացված հարցերը գործնականում դրական ընթացք ստացե՞լ են, Նազարյանը պատասխանեց. - «Տվյալ դեպքում մեր կողմից առաջարկությունները քաղաքապետարան եղել են, մասնավորապես, ապօրինությունները վերացնելու, համապատասխան վերահսկողություն իրականացնելու, վարչական իրավախախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որը եւ ըստ էության կատարվել է, բայց, ինչպես հասկանում ենք արձագանքներից, շինարարությունը շարունակվում է: Ամեն դեպքում, պաշտպանի կողմից համապատասխան օրենսդրությունից բխող առաջարկները կատարվել են»:

Նազարյանը նշում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն` պաշտպանի լիազորություններն են հանդես գալ որպես միջնորդ` պետական իրավասու մարմինների կողմից պարզաբանումներ ստանալու եւ համապատասխան առաջարկներ ներկայացնելու գործում: Դրանից դուրս այլ լիազորություններ պաշտպանը չունի: Նրա խոսքով` այս խնդրի հանգուցալուծողը քաղաքապետարանն է:

«Օրենքի համաձայն` Երեւանի քաղաքապետը ունի լիազորություններ` առանց քաղաքաշինական փաստաթղթի իրականացվող շինարարական աշխատանքները կասեցնելու եւ վերացնելու դրանց հետեւանքները: Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է առաջին անգամ 200 000 դրամ տուգանք, երկրորդ անգամ 2 500 000, եթե կառուցապատողը շարունակում է իր շինարարական աշխատանքը, քաղաքապետարանն իրավունք ունի դիմելու դատարան, դատարանի միջոցով համապատասխան վճռի առկայության դեպքում ստիպելու դադարեցնել շինարարական աշխատանքը», - մանրամասնեց Նազարյանը:

Նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ մշակույթի նախարարությունն էլ արել է այն ամենը, ինչ իր լիազորությունների սահմանում է, իսկ տույժի կամ պատասխանատվություն ենթարկելն իրենց իրավասությունը չէ:

«Պահանջում ենք համապատասխան մարմիններից, ի դեմս Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության, որպեսզի դադարեցվեն աշխատանքները: Ես հուսով եմ եւ վստահ եմ, որ այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, կկատարեն: Չկատարելու պարագայում դա արդեն մենք տեղափոխելու ենք այլ դաշտ», - հավաստիացրել է նախարարը: