Կանադական ընկերությունը հետաքրքրված է հայկական ավիաշուկայով

Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը այժմ ուսումնասիրում է ավիացիոն ոլորտում խորհրդատվություն տրամադրող կանադական KNM aviation ընկերության առաջարկը:
Օրերս ընկերության նախագահ Միշել Դիֆեյսը պաշտոնական նամակով դիմել էր քաղավիացիայի վարչությանը` առաջարկելով իրենց աջակցությունը ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցում:

Այժմ կանադական ընկերությունը սպասում է քաղավիացիայի գլխավոր վարչության պատասխանին:

Կանադական ընկերության Երեւանի ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը հետաքրքրվել է հայկական ավիաշուկայով առաջին հերթին այն պատճառով, որ իրենց մոտ շատ են սփյուռքահայերը: Հայկական ծագում ունի նաեւ Էլիոթը: Նա պատմեց, որ ընկերությունը աշխատում է մի շարք երկրներում, թեեւ հիմնական շուկան կանադականն է: Այստեղ ընկերության հաճախորդների թվում է երկրի խոշորագույն ավիափոխադրողներից Air Canada ավիաընկերությունը:

Կանադական ընկերությունը արդեն ուսումնասիրել է հայկական ավիաշուկան: Նրանց կարծիքով, առաջին եւ ամենաանհրաժեշտ փոփոխությունը այն է, որ Կառավարությունը պետք է վարի բաց օդային քաղաքականություն: KNM aviation-ի կարծիքով, հենց մենաշնորհային դիրքն ու պետական աջակցությունն էր պատճառը, որ «Արմավիա»-ն տապալվեց: Էլիոթի խոսքով, սխալ էր իրականացվում նաեւ մենեջմենթը, մինչդեռ իրենք առաջարկում են ոչ թե սնանկացնել «Արմավիա»-ն, այլ վաճառել այլ ընկերության, որը կօգտագործի «Արմավիա»-ի տեխնիկան և մարդկային ռեսուրսը:

KNM aviation-ում կարծում են, որ նոր ստեղծվող հայկական ավիաընկերությունը ճիշտ մենեջմենթի արդյունքում կարող է շատ ավելի ցածր գներով տոմսեր առաջարկել: Առաջարկվում է նաեւ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը դարձնել Եվրոպան եւ Ասիան կապող օղակ: Նրանց կարծիքով, ամեն կերպ պետք է օգտագործել տարածաշրջանի լավագույն օդանավակայանի հնարավորությունները:

Րաֆֆի Էլիոթը ասաց, որ Կառավարության համաձայնության դեպքում իրենք քննարկումներ կսկսեն, ավելի խորը կուսումնասիրեն շուկան եւ կգտնեն անհրաժեշտ ներդրողներին:

Your browser doesn’t support HTML5

Կանադական KNM aviation-ը հետաքրքրված է հայկական ավիաշուկայով