Կկայանա «Պաղտասար աղբար» օպերետի հայաստանյան պրեմիերան

Բեմադրության հեղինակ Հրանտ Աղաջանյանը (ձ) եւ հովանավոր Հրայր Հովնանյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Օպերետի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մայիսի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Հակոբ Պարոնյանի համանուն կատակերգության հիման վրա կոմպոզիտոր, բեմադրիչ Հրանտ Աղաջանյանի երաժշտությամբ ու լիբրետոյով «Պաղտասար աղբար» օպերետը առաջին անգամ բեմ է ելել Միացյալ Նահանգներում հեռավոր 1994 թվականին: Հետագայում այդ ներկայացված է սփյուռքահայ մի շարք գաղթօջախներում:

Հայաստանյան բեմադրության հովանավորը ամերիկահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանն է:

«Մեր օպերետային արվեստը երկար ժամանակ լռություն էր պահպանում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղաջանյանը: - «Հայաստանում [«Պաղտասար աղբար» օպերետի] բեմադրման պատճառը եղավ այն, որ երբ ես, երկար տարիների բացակայությունից հետո, վերադարձա Հայաստան, մեր կոմպոզիտորները, լսելով երաժշտությունը, շատ հորդորեցին, որ անպայման իրականանա: Ասացին` եթե 20 տարվա ընթացքում այս երաժշտությունը չի հնացել, ուրեմն նա [կյանքի] իրավունք ունի»:

Ասուլիսին ներկա էր նաեւ Վահագն Հովնանյանը: Նա նշեց, թե շատ է սիրում Պարոնյանի այդ ստեղծագործությունը: Ներկայացումը հովանավորելու իր որոշման վրա ազդել է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր 10 հազարից ավելի սփյուռքահայ է բնակվում:

Հրանտ Աղաջանյանը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Հակոբ Պարոնյանի ծննդյան 170-անյակը, եւ իրենք սիրով այս բեմադրությունը նվիրում են այդ հոբելյանին: Նա հավելեց, որ ծրագրում են բեմադրությունը նույն թատերախմբով ներկայացնել սփյուռքահայ գաղթօջախներում: