ՀՀԿ-ն մերժեց մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները խորհրդարանում, արխիվ

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականը (ՀՀԿ) դեմ արտահայտվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Այդպիսով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հեղինակած նախագիծը մերժվեց:

Այնինչ մինչեւ լիագումար նիստում հարցի քննարկումը իշխող մեծամասնությունը դրական էր արտահայտվում հանձնաժողովի ստեղծման գաղափարին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Իշխող քաղաքական ուժը դրժեց իր խոստումը եւ, ըստ էության, դեմ քվեարկելով այս նախագծին` կողմ չեն մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը», - ասաց Ջհանգիրյանը:

ՀՀԿ-ի առաջարկով ՀԱԿ-ը նախագծում եղած մի շարք շեշտադրումներ մեղմեց. ինչպես այսօր հայտարարեց նախագծի համահեղինակ, նախկին զինդատախազ Ջհանգիրյանը, «նրանց յոթ առաջարկներից վեց ու կեսն ընդունեց»:

ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը մարտի 1-ի քրեական գործերի նյութերն ուսումնասիրելու հարցում ընդհանուր հայտարարի եկան, սակայն մեկ խնդրում` քրեական գործը վարած քննիչներին եւ հետաքննիչներին ստեղծվելիք հանձնաժողով կանչելուն ՀՀԿ-ն դեմ արտահայտվեց: Եվ այս հարցում իր դիրքերը չզիջեց ՀԱԿ-ը. ընդդիմադիրների կարծիքով` նրանք պետք է գային եւ հանձնաժողովականների հարցերին պատասխանեին: Սա է մտահոգել իրավապահներին, կարծում է Գագիկ Ջհանգիրյանը:

«Ի սկզբանե հավաստիացրեցին Ազգային ժողովի նախագահի մակարդակով լիագումար նիստում, որ կողմ են լինելու եւ ստեղծելու են այդ հանձնաժողովը: Ի՞նչ պատահեց, որ փոխեցին իրենց դիրքորոշումը... ինձ թվում է, որ այդ իրավապահ մարմինների եւ պաշտոնատար անձանց անհանգստությունը գործադիր իշխանության լծակներով տեղափոխվեց Ազգային ժողով, քաղաքական մեծամասնությանը դրեցին ինչ-որ շրջանակների մեջ, ինչի արդյունքում փոխվեց այդ դիրքորոշումը», - ասաց Ջհանգիրյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է` ընդդիմության կարեւորագույն գործառույթներից մեկն էլ քննադատելն է: Սահակյանը մարտի 1-ի հանձնաժողովի տապալումը ՀՀԿ-ին վերագրելուց չի նեղվում, ասում է` ավելի վատ կլիներ, եթե հետաքննիչներն ու քննիչները օրենքի շրջանակներում չընդունեին հանձնաժողով գալու հրավերը:

«Եվ լրագրողները, եւ ժողովուրդը արդեն պիտի վանկարկեին, թե հանձնաժողովի որոշմանը չեն ենթարկվում, այնինչ դա օրենքի սահմաններում է», - ասաց Սահակյանը:

Ջհանգիրյանը հակադարձում է, թե քննիչները գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, Ազգային ժողովը նրանց կանչելու, հարցեր տալու իրավունք ունի:

«Մեր նախագծում որեւէ բան գրված չէ այն լիազորություններից զատ, ինչ ունեցել է նախորդ մարտի 1-ի հանձնաժողովը», - հավելց նա:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` մի օր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի, քանի որ այդ դեպքերի վրա լույս սփռելու հասարակական պահանջ կա: Եթե հեղինակները հրաժարվեին հարցեր տալու իրենց պահանջից, այդ հանձնաժողովն այժմ էլ կարող էր ստեղծվել, կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

«Դա ամենակարեւոր իրավունքը չէր, հեղինակներն էլ կարող էին դրանից հրաժարվել: Մի չնչին քայլ էր, խնդիրը այն էր, թե ով կանի այդ չնչին քայլը», - ասաց Հարությունյանը` պնդելով, որ կարեւորագույն հարցերը լուծվել էին, լուրջ անհամաձայնությունները` շտկվել, նույնիսկ քրեական գործի նյութերին հնարավորություն կար ծանոթանալու:

Հարությունյանը ափսոսանք հայտնեց, որ կողմերը չկատարեցին վերջին քայլը, չեկան համաձայնության:

Ի դեպ, ամենահետաքրքիրը քվեարկության արդյունքներն էին: «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, «Ժառանգությունը», ինչպես եւ սպասվում էր, կողմ արտահայտվեցին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: ՀՀԿ-ի որոշումից տարբերվեց նրանց դաշնակից «Օրինաց երկրի» ներկայացուցիչների քվեարկությունը: Մեկ բացառությամբ նրանք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը` թերեւս խուսափելով կողմ կամ դեմ քվեարկելուց: Նախագծին դեմ արտահայտվող ՀՀԿ-ի շարքերում էլ եղան անակնկալներ, օրինակ, ԱԺ նախագահի ձեռնպահ քվեարկելը կամ մի քանի պատգամավորների` քվեարկությանն ընդհանրապես չմասնակցելը: Դահլիճում ներկա չքվեարկողների շարքում էր նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: