Ավիացիոն ոլորտի ապագան դեռ քննարկվում է

Օդային ուղեւորափոխադրումների ոլորտում լարվածություն գրեթե չկա, հավաստիացնում է կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը:

Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «Արմավիայի» սնանկանալուց հետո ստեղծված լարված իրավիճակը գրեթե վերացել է: Հայկական միակ ուղեւորափոխադրող ընկերության չվերթները դադարեցնելուց հետո ավիացիոն իշխանությունները բանակցություններ են սկսել դեպի Հայաստան չվերթներ իրականացնող արտասահմանյան մի շարք ավիաընկերությունների հետ, արդյունքում նրանք ավելացրել են չվերթների քանակը եւ խոստացել, որ չեն թանկացնի տոմսերի գները:

Հակոբյանի խոսքով` ներկայումս Հայաստանի նախագահի վերահսկողությամբ քննարկումներ են ընթանում հայկական ավիաոլորտի ապագայի վերաբերյալ:

Այն հարցին, թե արդյոք երկար չեն տեւո՞ւմ քննարկումները, Հակոբյանը պատասխանեց` քանի որ ամեն ինչ հանգիստ է, ապա իրենք որոշել են մանրակրկիտ ուսումնասիրել եւ նոր որոշում կայացնել: Այժմ քննարկվում է, թե արդյոք մեկ ընկերություն պետք է գործի շուկայում, թե պետք է սահմանել բաց օդային քաղաքականություն: Վերջերս «Արմավիայի» կողմից ներկայացված «փրկության ծրագրին» քաղավիացիայի վարչությունում թերահավատորեն են մոտենում:

Ինչ վերաբերում է օդաչուների խնդրին, ապա այն լուրջ է. Սահակ Հակոբյանը խոստովանեց` տեղյակ են, որ որոշ օդաչուներ հեռանում են երկրից: Նա ասաց, որ ճանաչում է մեր օդաչուներին, իր կարծիքով` հեռացողները կվերադառնան, երբ հայկական ավիաընկերություն ստեղծվի:

«Արմավիայի» նախկին օդաչու Ռաֆայել Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ շատ օդաչուներ արդեն հեռացել են երկրից: Ինքն էլ սպասելու է մինչեւ ամսվա վերջ եւ հեռանա երկրից: Գեւորգյանը չի կարծում, որ օդաչուները կվերադառնան:

Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը ասաց, որ այժմ քննարկումները մոտենում են ավարտական փուլին: Նա հույս ունի, որ մեկ ամսվա ընթացքում ավիաոլորտի հարցով որոշում կկայացվի, ինչից հետո էլ կստեղծվեն հայկական մեկ կամ մի քանի ավիաընկերություններ: