«Բարեւ, Երեւանը» դիմեց Վարչական դատարան

«Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը մայիսի 15-ին Վարչական դատարան է ներկայացրել «Բարեւ, Երեւան» դաշինքի հայցադիմումը 2013 թվականի մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի, տեղեկացնում է դաշինքի մամուլի ծառայությունը: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը Վարչական դատարան է ներկայացվել 9 հատորներով՝ շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով:

«Ի տարբերության նախկին ընտրությունները վիճարկած հայցադիմումների եւ դրանց կից դատարաններ ներկայացված փաստական նյութի, ներկա հայցադիմումի ողջ փաստական նյութը քաղված է բացառապես չորս աղբյուրներից՝ ա/ ՏԸՀ գրանացամատյանների պատճեններ, բ/ հատուկ կարծիքների եւ արձանագրությունների պատճեններ, գ/ վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, դ/ Transparency International ՀԿ դիտորդների վկայություններ: Լրատվամիջոցների հրապարակումներին, ոստիկանության տեղեկանքներին հղումները առանձնացվել են մեկ առանձին հատորում», - տեղեկանցում է դաշինքը:

«ՏԸՀ-ների շուրջ 80 տոկոսում արձանագրված վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող ընտրախախտումների պարագայում ԸԸՀ-ների եւ ԿԸՀ-ի կողմից դրանք անտեսելը, եւ ԿԸՀ թիվ 112-Ա որոշման կայացումը վկայում է, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվել են ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները», - ասված է հայցադիմումում, ինչից ելնելով էլ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը խնդրել է վարչական դատարանին անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ 2013թ. մայիսի 12-ի N 112-Ա որոշումը 2013 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների մասին:

Հիշեցնենք` ԿԸՀ-ն իր վերոնշյալ որոշման մեջ նշել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: