Եվրատեսիլ երգի մրցույթի գլխավոր հովանավորը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Sweden -- The headquarters of TeliaSonera, a Nordic and Baltic telecommunications company, Stockholm, 09Oct2006

Շվեդիայում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթի գլխավոր հովանավորը` հաղորդակցության ոլորտի հսկա TeliaSonera ընկերությունը, խրված է կոռուպցիոն սկանդալների մեջ եւ կապված է նախկին Խորհրդային Միության երկրներում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ:

TeliaSonera ընկերությունը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի բջջային կապի շուկայի առաջատարն է, ընկերության ամենամեծ բաժնետերը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարություններն են։ Դուստր ձեռնարկությունների հետ TeliaSonera սպասարկում է ավելի քան 80 միլիոն բաժանորդի Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բալթյան երկրներում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Ուզբեկստանոււմ եւ ԱՊՀ այլ երկրներում:

Բջջային կապի այդ ընկերության գործունեության վերաբերյալ այժմ հետաքննություն է իրականացվում, ընկերությունը կասկածվում է Ուզբեկստանի վարչակազմին միլիոնավոր դոլարների կաշառք վճարելու մեջ` այդ երկրի բջջային կապի շուկային տիրանալու համար: Խոսքը, մասնավորապես, Ուզբեկստանի նախագահի դստեր Գյուլարա Կարիմովայի ներգրավվածության մասին է:

TeliaSonera ընկերության դեմ հարուցված գործում շրջանառվում է քիչ հայտնի Takilant LTD ընկերությունը, որ գրանցված է օֆշորային գոտում եւ փաստաթղթերի համաձայն պատկանում է Ուզբեկստանի քաղաքացի, 29-ամյա Գայանե Ավագյանին, ով այս գործով կասկածյալներից մեկն է:

Ուզբեկստանի կառավարության անունից միլիոնավոր դոլարների հասնող գործարքներ կնքած Գայանե Ավագյանի մասին հայտնի է, որ նա Գյուլարա Կարիմովայի մերձավորներից է, ղեկավարում է Կարիմովայի նորաձեւության բիզնեսը, նրանց հաճախ են տեսնում նորաձեւության ցուցադրություններին:

Այդ կասկածելի կապերը բացահայտել է Շվեդիայի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված լրագրողական ծավալուն հետաքննությունը: Ջոախիմ Դայֆերմակը այդ հետաքննությունը անցկացրած լրագրողներից է, նա լայնորեն լուսաբանել է TeliaSonera-ի գործունեությունը նախկին ԽՍՀՄ երկրներում եւ բացահայտել, որ ընկերությունը բազմաթիվ կասկածելի գործարքներ է կատարել այդ երկրների շուկաներում հաստատվելու համար:

«Նրանք գնացել են այդ ռիսկին, իմանալով, որ մարդու իրավունքների դեմ հանցագործության մասնակից են, իմանալով, թե մարդիկ ինչ գին են վճարում այնպիսի երկրում, ինչպիսին Ուզբեկստանն է: Նրանք ստացել են բջջային կապի լիցենզիան` ռեժիմի հետ համաձայնության գնով, հատուկ ծառայություններին տալով իրենց բաժանորդների խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն։ Նրանք բոլոր բռնապետությունների հետ գործարքների մեջ են մտել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է լրագրողը:

Եվրոպայի հեռարձակողների միության մամլո քարտուղար Անիկա Նայբերգը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ TeliaSonera-ն կպատասխանի իր դեմ ուղղված այս մեղադրանքներին ու հավելել. - «Մենք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություն չենք, մենք մեդիա ընկերություն ենք, սակայն մենք ունենք որոշակի արժեքներ, որոնց հետեւում ենք եւ մեր հովանավորներին ընտրում ենք այդ արժեքների վրա հիմնվելով, մենք անկասկած շատ զգուշավոր ենք նրանց ընտրելու հարցում»:

Ի դեպ, անցյալ տարի Եվրոպայի հեռարձակողների միությունը գլխավոր հովանավոր էր ընտրել AzerCell-ին` TeliaSonera-ի ադրբեջանական մասնաճյուղին, որը 2009 թվականին ազգային անվտանգությանն էր տրամադրել տեղեկություններ այն քաղաքացիների մասին, ովքեր քվեարկել էին Հայաստանի մասնակցի օգտին, եւ քվեարկողներից առնվազն մեկը կանչվել էր հատուկ ծառայություններին բացատրություն տալու: