Քուրդ զինյալները դուրս են բերվում Թուրքիայից
Ավելի քան երեք տասնամյակ անկախության համար պայքարելուց ու մոտ 40 հազար զոհերից հետո՝ անցած շաբաթ, Քրդական աշխատավորական կուսակցությունը սկսեց դուրս բերել իր զինվորներին Թուրքիայի տարածքից՝ Աբդուլա Օջալանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պատմական համաձայնության հիման վրա։
Յոթ օր շարունակ լեռներով ու դժվարին արահետներով անցնելուց հետո՝ մայիսի 14-ին, քուրդ զինյալների առաջին խմբաքանակը մտավ հյուսիսային Իրաք՝ Քուրդիստան նահանգ, որտեղ եւ տեղակայված է Քրդական աշխատավորական կուսակցության հիմնական ռազմաբազան՝ 4000 զինվորներով:
Յոթ օր շարունակ լեռներով ու դժվարին արահետներով անցնելուց հետո՝ մայիսի 14-ին, քուրդ զինյալների առաջին խմբաքանակը մտավ հյուսիսային Իրաք՝ Քուրդիստան նահանգ, որտեղ եւ տեղակայված է Քրդական աշխատավորական կուսակցության հիմնական ռազմաբազան՝ 4000 զինվորներով:
Դադարեցնելով տարիներ շարունակված արյունալի պատերազմը՝ քրդերը, սակայն, զենքերը վայր չեն դնում: Թուրքիայից հեռացած զինվորներն ասում են, թե պատրաստ են ամեն վայրկյան վերսկսել կռիվը, եթե Անկարան հարձակման անցնի կամ հրաժարվի ստանձնած պարտավորություններից:
Քրդերի առաջնորդ, ազատազրկված Աբդուլա Օջալանի եւ Էրդողանի կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հրադադարից ու քուրդ զինյալների դուրս բերումից հետո Անկարան պետք է սահմանադրական բարեփոխումներ անցկացնի՝երաշխավորելով քրդերի քաղաքական ու կրոնական իրավունքները:
«Առայժմ շատ վաղ է խոսել զենքերը վայր դնելու մասին, մեր զինվորները շարունակում են զորավարժությունները ՝ ամեն վայրկյան պատրաստ նոր հրամանի»,-հայտարարել է զինյալների առաջնորդ Ջիգարը՝ ընդգծելով, որ քրդերն այժմ հստակ քայլեր են ակնկալում Թուրքիայի կառավարությունից:
Հյուսիսային Իրաքում ապաստանած զինյալներից մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանին պատմել են, որ երազում են խնդրի տեւական մի լուծման մասին, որը հնարավորություն կտար Թուրքիայում ապրող 17 միլիոն քրդերին ապրել խաղաղ ու արժանապատիվ կյանքով:
Քրդական կուսակցության ներկայացուցիչները՝ կին, թե տղամարդ,ամուսնանալու կամ երեխաներ ունենալու իրավունք չունեն: Նրանցից շատերի համար խնդրի վերջնական կարգավորումը նաեւ վերջին հույսն է՝ մի օր ընտանիք կազմելու եւ սերունդներ դաստիարակելու համար: