Իվանիշվիլին խոստանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ

Հարաբերությունների բարելավման հնարավոր ուղիներից մեկը «օլիմպիական դիվանագիտությունն» է:
Արդյո՞ք ռուս - վրացական հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել «օլիմպիական դիվանագիտության» միջոցով: Նման հեռանկարի մասին Մոսկվայում եւ Թբիլիսիում սկսեցին խոսել երեկվանից, երբ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չբացառեց իր հնարավոր այցը Սոչի:

«Ես պաշտոնական հրավեր դեռ չեմ ստացել: Անգամ կարող եմ ասել, որ հստակ պատասխան չունեմ` կգնա՞մ ի վերջո Սոչի, թե՞` ոչ: Բայց մեկ բան կարող եմ ասել` ես այդ հեռանկարը չեմ բացառում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները», - նշեց Իվանիշվիլին վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում:

Մայիսի սկզբին Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկեց վրաց մարզիկների` Սոչիի 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցության օգտին: Ավելի վաղ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում էր, որ վրաց մարզիկները որեւէ պարագայում չպետք է մասնակցեն Սոչիի Օլիմպիադային, քանի դեռ Վրաստանի տարածքի 20 տոկոսը գտնվում է «ռուսական օկուպացիայի ներքո»:

Ընդհանրապես, Բիձինա Իվանիշվիլիի երեքշաբթի օրը կայացած ասուլիսը մի զգալի մասը նվիրված էր հենց վրաց - ռուսական հարաբերություններին:

«Ես խոստանում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն: Ճիշտ է, մեր ցանկացած նախաձեռնություն բախվում է Միխեիլ Սաակաշվիլիի եւ նրա թիմակիցների կատաղի դիմադրությանը, այդուհանդերձ, Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը բխում է Վրաստանի ազգային շահերից», - հայտարարեց Իվանիշվիլին` հատուկ ընդգծելով, սակայն, որ Թբիլիսիի կողմից այլեւս զիջումներ չեն լինի, իսկ Վրաստանի քաղաքացիների կողմից հանրաքվեի միջոցով կայացված սկզբունքային որոշումը` անդամակցել ՆԱՏՕ-ին, մնում է ուժի մեջ:

Շարունակելով արտաքին քաղաքականության թեման` Իվանիշվիլին բացատրեց, թե ինչու է պաշտոնական եւ աշխատանքային այցերով բավական հազվադեպ մեկնում արտերկիր:

«Ես կարող եմ մեկնել Լեհաստան, Հունգարիա, Ֆրանսիա, Գերմանիա, մերձբալթյան երկրներ: Որեւէ խնդիր չեմ տեսնում Միացյալ Նահանգներ այցելության մեջ: Բայց կարծում եմ, որ մենք նախեւառաջ պետք է մեր ներքին խնդիրները լուծենք, որպեսզի արտերկրում շատ ավելի դրական լույսի ներքո ներկայացնենք Վրաստանը», - նշեց Վրաստանի վարչապետը` միաժամանակ առիթը բաց չթողնելով իր թիվ մեկ քաղաքական հակառակորդին քննադատելու համար. - «Սաակաշվիլին, օրինակ, իր գործունեության հիմնական շեշտը դնում էր արտերկրյա այցերի վրա: Այժմ էլ նա մեկնում է արտասահման` օգտագործելով այդ այցերը միայն որպես առիթ սեփական երկիրը քննադատելու համար»: