Մինասյանը մշակույթի նախարարությանը «անուժ» է համարում

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ահազանգում է, որ Երեւանի ավագանու ընտրություններից մեկ օր հետո մեծ թափով վերսկսվել են Փակ շուկայի շինարարական աշխատանքները:

«Ընտրություններից մեկ օր հետո աշխատողների թիվը հնգապատկվել է, հետո մեզ ասում են, որ դա պետք է դեմոնտաժ արվի: Տրամաբանությունից պետք է այնքան թույլ լինի մարդ, որ այդ բոլորին հավատա: Ես այլեւս չեմ կարողանում որեւիցե մի տեղ գտնեմ դիմելու, որովհետեւ մենք դիմել ենք մինչեւ հանրապետության նախագահին: Ես կարծում են, որ այստեղ ի սկզբանե պայմանավորվածություն կա, ես ուրիշ կերպ չեմ կարող մտածել», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մինասյանը:

Մշակույթի նախարարության պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի խոսքով` նախարարությունը իր իրավասության շրջանակներում բոլոր միջոցները ձեռնարկել է հուշարձանի պահպանության համար:

Այվազյանը հավաստիացնում է, որ բազմիցս դիմել են եւ սեփականատիրոջը, եւ քաղաքապետարանին, որպեսզի դադարեցնեն շինարարությունը:

«Անգամ դիմել ենք դատախազություն, բայց անօրինական շինարարությունն անընդհատ սկսվում էր, մենք նորից դիմում էինք եւ քաղաքապետարանին, եւ սեփականատիրոջը, քաղաքաշինության նախարարության տեսչություն էլ ենք դիմել, որպեսզի դադարեցնեն անօրինական շինարարությունը», - ասաց Այվազյանը:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով` դեռ Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ դատախազությունը կազմել է տեղեկանք, որտեղ հստակ գրված էր, որ կառուցապատման ժամանակ ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան: Գրությունը ուղարկվել է թե մշակույթի նախարարություն, թե երկրի նախագահին: Սակայն հարցը փակվել է միայն արձանագրություն կազմելով:

«Այսօր եթե այդ գործընթացն անեինք ես կամ դուք, գիտե՞ք չէ մենք հիմա որտեղ կգտնվեինք, բայց քանի որ դա անում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը Ազգային ժողովի հետ մեկտեղ 2008 թվականին վավերացնում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, եւ այսօր Հայաստանը խախտում է այդ կոնվենցիայի դրույթները, դե թող դատախազությունը զբաղվի»,- ասաց Բաղդասարյանը:

Դեռ ապրիլին, երբ ճարտարապետների միությունը գրությամբ դիմել էր դատախազություն` պահանջելով պատասխանատվության ենթարկել Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, դատախազությունը պատասխանել էր, թե Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքներում որեւէ հանցակազմ չկա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ եթե գերատեսչությունները շենքի պահպանությունը տեսել են այն վաճառելով, ապա սեփականատերն էլ, բնական է, մտածում է շինությունը դարձնել ֆունկցիոնալ եւ տնտեսապես ձեռնտու:

«Շենքը կենդանի օրգանիզմ է, նա պետք է վերափոխվի, վերակառուցվի, ձեւափոխվի: Ես կողմ եմ, որ պահպանվի, իսկ տարբերակը մեկն է՝ երկու հարկ ավելացնել, դնել մի շենքի մեջ, որպես ինկրուստացիա, հնարավոր է, ինչու ոչ», - ասաց նա:

Բանախոսները նշում են, որ իրենք եւս համամիտ են, որ շենքը վերականգնման խնդիր ունի, սակայն շեշտում են, որ այն պետք է արվեր մասնագետների լուրջ քննարկումների վրա հիմնված նախագծով: Բազմաթիվ բողոքներից, գրություններից հետո խնդրի լուծումը չտեսնելով` բանախոսները խիստ կասկածի տակ են դնում որոշ գերատեսչությունների գոյության կարեւորությունը:

«Մշակույթի նախարարությանն էլ եմ հարգում, բայց երբ տեսնում եմ, որ այդ բնագավառը տերն է այդ բոլորի եւ ոնց որ թե անուժ է գտնվում, ուրեմն այդ նախարարությունը երեւի ավելորդ է», - ասաց Մինասյանը:

«Մեր երկրում թքած ունեն օրենքների վրա, թքած ունեն որոշումների վրա: Կա պատմամշակութային հուշարձանների ցանկ, կա օրենք, կա կոնվենցիա գրված եւ ունենք քաղաքապետարան: Ինչ է նշանակում քաղաքապետարանը 200 հազար դրամ տուգանել է եւ ոչինչ չենք կարող անել, դե, փակեք այդ քաղաքապետարանը, մեզ պետք չէ այդպիսի քաղաքապետ», - ասաց Բաղդասարյանը:

Այսօր ավելի ուշ մշակույթի նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է, որ վերսկսված շինարարական աշխատանքները չեն համապատասխանում նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ եւ, որ իրենք մայիսի 13-ին գրությամբ դիմել են Երեւանի քաղաքապետարան` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար: