Ամփոփվեցին «Թատրոն X» փառատոնի արդյունքները

Թատերագետ Արա Խզմալյան

«Թատրոն X» փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանն մեկուկես ամիս տեւած փառատոնի ավարտին ասուլիսի էր հրավիրել լրագրողներին:

Փառատոնը, Խզմալյանի խոսքով, վերհանել է մի շարք խնդիրներ. - «Մասնագիտական կրթության խնդիրը. մենք շատ քիչ գրագետ ռեժիսորներ ունենք: Երկրորդը, մենք կարիք ունենք ընդգրկելու մեր մշակութային պրոցեսի մեջ մշակութային կյանքից դուրս մնացած խավերին` հաշմանդամներ եւ այլն, եւ այլն»:

Երրորդը, ըստ նրա, մարզային թատրոնների խնդիրն է. այս տարի փառատոնին ներկայացված 17 ներկայացումներից 4-ը մարզային թատրոնների բեմադրություններն էին` Գյումրիից, Վանաձորից ու Հրազդանից:

Խզմալյանը շատ բարձր գնահատեց Հրազդանի քաղաքային թատրոնի «Միրհավը» ներկայացումը` Աշոտ Սարգսյանի բեմադրությամբ. - «Սա ուղղակի ժայռերի մեջ կորած ոսկին է: Շատ ինքնատիպ մի թատերախումբ, ինքնատիպ մի ստեղծագործող` Աշոտ Սարգսյան, եւ ամենակարեւորը` բարձրաճաշակ»:

Նա շեշտեց, որ մարզային թատրոնների ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ խղճուկ վիճակում: Դրանց կարգավորումը, Խզմալյանի համոզմամբ, նախեւառաջ տեղական իշխանությունների խնդիրն է. - «Մարզերում քաղաքային իշխանությունները, տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես արտարբեր [են], նվազագույն է աջակցությունը, նվազագույն է օգնությունը… Մենք չենք կարող մեր բոլոր մշակութային պրոցեսները կապել մի փոքր օղակի հետ, ինչպիսին է Մշակույթի նախարարությունը: Եթե մենք չունենանք տեղերում մշակույթի կազմակերպմամբ զբաղվող պրոֆեսիոնալ ադմինիստրատորներ, մշակույթի մասնագետներ, եթե մեր հույսը մնալու են այդ մշակույթի բաժինների վարիչները` սիրողական, ամբիցիոզ կանայք, խորհրդային, կոմսոմոլի մակարդակով եթե պիտի կարգավորվի, հույս չունենանք»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մեր թատրոնների խաղացանկին, որը Խզմալյանը «ժամանակավրեպ» որակեց. - «Ժամանակի հանդեպ վերաբերմունք չունեցող թատրոն է»: