Բակո Սահակյան. «Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ»

Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

«Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ, գրվել է մեր հերոս պապերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների արյամբ, նրանց, ովքեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին ամեն ինչից եւ նահատակվեցին հանուն համազգային գաղափարների իրականացման», - ասված է, մասնավորապես, Բակո Սահակյանի ուղերձում, որի տեքստը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում: - «Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, մյուս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագույն չարիքի` ֆաշիզմի դեմ եւ միասին տոնեց Մեծ Հաղթանակը: Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը` մեր այսօրվա սերունդը հերոսության ու արիության հրաշքներ գործեց մարտի դաշտում եւ պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնավոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ այսօր էլ շարունակում ենք շենացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը` համայն հայության հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կունենանք շատ ու շատ նվաճումներ ու ձեռքբերումներ, կարձանագրենք նոր հաջողություններ կյանքի տարբեր բնագավառներում», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի նախագահը: