Նոր կառավարության անդրանիկ նիստը վարեց Սերժ Սարգսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր իրենց աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին, ինչից հետո տեղի ունեցավ նոր կազմով կառավարության անդրանիկ նիստը, որը վարեց հանրապետության նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում անցկացված խորհրդարանական, նախագահական, ինչպես նաեւ օրերս անցկացված Երեւանի ավագանու ընտրություններից, նախագահ Սարգսյանն ասաց, որ այդ ընտրությունները, մասնավորապես՝ համապետական, փորձություն են մեր երկրի եւ մեր երիտասարդ ժողովրդավարության համար:

«Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ եւ դուրս եկանք որպես պետություն եւ հասարակություն ավելի ամրացած», - ասաց Սերժ Սարգսյանը։

Կառավարության նոր կազմին անդրադառնալով՝ երկրի ղեկավարն ասաց, որ այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են եւ, որ արդյունավետ աշխատանքի համար որեւէ խոչընդոտ չի տեսնում, ավելին, ըստ Սերժ Սարգսյանի, անցած տարիների ընթացքում ստեղծվել են նպաստավոր պայմաններ ու հիմքեր` լավ առաջընթաց ունենալու համար. - «Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով: Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ»։

Հարցնելու ենք, ոչ թե ինչ է արվել, այլ արվածը ինչ արդյունքներ է տվել, եւ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի, կառավարության անդամներին ասաց նախագահ Սարգսյանը. - «Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաեւ պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»։

Խնդիրները շատ են, եւ այդ խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների մասին հնարավորություն կունենանք խոսելու տեսանելի ապագայում մի փոքր ավելի ընդլայնված կազմով, գործադիրի այսօրվա նիստում ասաց Սերժ Սարգսյանը: Հաջողություն մաղթելով գործադիրի անդամներին, երկրի ղեկավարը խնդրեց նրանց, հստակորեն գիտակցել, որ շատ բան է կախված այդ հաջողությունից. - «Միգուցե նույնիսկ առաջին հայացքից անտեսանելի, բայց, իրոք, շատ բան է կախված: Ես վստահ եմ, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաեւ մեր բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հավաստիացրեց նախագահ Սարգսյանին, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ ե՛ւ նախագահի, ե՛ւ քաղաքացիների սպասումները բավականին մեծ են: Վարչապետը խոստացավ, որ կառավարությունն ամեն ինչ կանի` արդարացնելու համար այդ սպասումները:

«Եվ որպեսզի մեր գործունեության արդյունքները լինեն շոշափելի եւ տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ մենք դրա համար ջանք չենք խնայի եւ նվիրումով կաշխատենք հանուն այդ նպատակների», - հավելեց Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում ՀՀԿ-ն որոշել էր ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Դավիթ Սարգսյանին, ով մինչեւ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, գործադիրի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում առաջադրվեց ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը, սպորտի նախարարի պաշտոնում առաջադրվեց օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, ով մինչեւ այդ երկրի ղեկավարի խորհրդականն էր եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել էր նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը:

Ի դեպ, կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց համապատասխան օրենքի նախագծին, որով կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվում է նախարարի կարգավիճակ: