Հայամետ սենատորը կարող է լքել Կապիտոլիումը

Ռոբերտ Մենենդես, արխիվ

Դա տեղի կունենա այն պարագայում, եթե Ռոբերտ Մենենդեսի դեմ ներկայացվող մեղադրանքները հաստատվեն:
Ամերիկացի ամենահայամետ օրենսդիրներից մեկը` Ցեղասպանության ճանաչման գրեթե բոլոր բանաձեւերի համահեղինակ, 2006-2007 թվականներին Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը երկու անգամ արգելափակած սենատոր Ռոբերտ Մենենդեսը կարող է լքել Կապիտոլիումը: Դա տեղի կունենա այն պարագայում, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մենենդեսի դեմ ներկայացվող մեղադրանքները հաստատվեն:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Մենենդեսը կասկածվում է պաշտոնական դիրքը իր վաղեմի բարեկամներից մեկի` Ֆլորիդայում բնակվող բժիշկ եւ գործարար Սոլոմոն Մելջենի բիզնես շահերին ծառայեցնելու մեջ:

Հանրապետականներին մոտ կանգնած մի շարք աղբյուրներ, մասնավորաբար` Daily Caller ինտերնետային պարբերականը, պնդում են, որ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատորը անցած տարի Սոլոմոն Մելջենին պատկանող մասնավոր օդանավով ճամփորդել է Դոմինիկյան Հանրապետություն` մասնակցելով տեղացի գործարարների հետ կազմակերպված բանակցություններին: Դրանց ընթացքում Մենենդեսը, ըստ պարբերականի, ներկայացրել է Մելջենի բիզնես շահերը:

Ինքը Ռոբերտ Մենենդեսը պնդում է, որ արտերկրում ամերիկյան բիզնեսի շահերի պաշտպանությունն իր պարտականությունների շրջանակներում է: Ինչ վերաբերում է մասնավոր օդանավով ճամփորդության դրվագին, ապա տարեսկզբին Մենենդեսը փոխհատուցել է չարտերային թռիչքի ծախսերը` Մելջենին վճարելով շուրջ 60 հազար դոլար: «Հենց այս բանկային փոխանցումն է, որ իրավապահների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել` ազդարարելով հետաքննության պաշտոնական մեկնարկը», - տեղեկացնում է Associated Press գործակալությունը` հավելելով նաեւ, որ անցած շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մոտ մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ խուզարկել են Մենենդեսի ընկերոջ` Մայամիում գտնվող տունը:

Հայամետ սենատորին առայժմ որեւէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, հստակ չէ նաեւ` արդյոք նրա հարցը քննության կդրվի՞ Սենատի էթիկայի հարցերի հանձնաժողովում:

Վաշինգտոնցի անկախ փորձագետների զգալի մասի համոզմամբ, սակայն, Մենենդեսը մեղավոր է:

Նախկին դատախազ Մելանի Սլոունը Associated Press-ին փոխանցել է, որ իր համար հստակ է` «Մենենդեսը հատել է թույլատրելիի սահմանը»: «Մի քանի անգամ նա փորձել է իր ֆլորիդացի բարեկամի համար բարեխոսել դաշնային կարգավորող մի շարք կառույցներում, ինչն էթիկական տեսանկյունից արդեն իսկ շատ խոցելի քայլ է», - ասել է Սլոունը:

Նշենք, որ Ռոբերտ Մենենդեսի գլխավերեւում սեւ ամպերը սկսեցին կուտակվել դեռ աշնանը, երբ ամերիկյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե նա Դոմինիկյան Հանրապետություն կատարած իր չարաբաստիկ այցելության ընթացքում իբր սեռական կապի մեջ է եղել անչափահաս մի մարմնավաճառի հետ: Այն ժամանակ Մենենդեսը կտրականապես հերքում էր մեղադրանքները: Մենենդեսին միանշանակորեն պաշտպանեց նաեւ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը: Հետագայում այս մեղադրանքերը չհաստատվեցին, որոշ ժամանակ անց էլ ի հայտ եկան նորերը, որոնք կարծես Մենենդեսին շատ ավելի դժվար կլինի հերքել:

Նախագահ Բուշի նախկին խորհրդական Ռիչարդ Փեյնթերը նշում է. - «Սենատորների մեծամասնությունը նման քայլերի դիմում է, բայց քչերն են բացահայտվում: Եթե Մենենդեսը չի կարողացել ժամանակին պատասխանել ծագած բոլոր հարցրեին, ապա խիստ հավանական է, որ Սենատի էթիկայի հանձնաժողովը նրա դեմ քննություն նախաձեռնի»: