«Առաքելությունը» ԲՀԿ-ին եւ «Բարեւ, Երեւանին» հորդորում է հրաժարվել մանդատներից

Կիրակի Երեւանի ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով 0.64 տոկոս ձայն ստացած «Առաքելություն» կուսակցությունը հայտարարում է, որ «մայիսի 5-ին ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան»:

Կուսակցությունը առաջարկում է ընտրություններում համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված ուժերին` «Բարգավաճ Հայաստանին» եւ «Բարեւ, Երեւան» դաշինքին հրաժարվել ավագանու մանդատներից:

«Ելնելով նման խայտառակ «ընտրություններին» համարժեք քաղաքական ու քաղաքացիական պատասխան տալու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ առաջիկա 4 տարում ոչ իշխանական դաշտի համախմբման ու համատեղ պատասխանատվություն ստանձնելու աներկբա հրամայականից՝ ոչ իշխանական ուժերին առաջարկում ենք հրաժարվել քաղաքային ավագանու մանդատներից (ԲՀԿ, «Բարեւ, Երեւան», հրավիրել համատեղ հանրահավաք՝ ստեղծված քաղաքական իրավիճակին միասնական քաղաքական գնահատական տալու եւ ոչ իշխանական համագործակցության նոր՝ իրապես միասնական ձեւափաչ ձեւավորելու համար», - կոչ է անում կուսակցության քաղաքական խորհուրդը:

«Առաքելությունը» այսօր տարածած հայտարարության մեջ խոսում է երկու կանխորոշիչ երեւույթի մասին:

«Ընտրակաշառքներն, ընտրության օրը մեքենաների մեջից բաժանելու փոխարեն, հիմնականում բաժանվել էին նախօրեին՝ մարդկանց բնակարաններում, ինչը ներկա պայմաններում գործնականում անհնար է դարձնում ընտրակաշառքի դեմ պայքարը։ Եվ տեղամասային հանձնաժողովները, որպես ընտրական գործընթացի իրական ու իրավական պատասխանատուներ, այլեւս դառնում են անգործունյա ու անպատասխանատու, քանի որ բավական է թաղային խաժամուժի 1-2 ներկայացուցչի մուտք ընտրատեղամաս, որ հանձնաժողովականները հայտնվեն «խաղից դուրս» վիճակում», - հայտարարում է նորաստեղծ կուսակցությունը` շեշտելով, որ ընտրությունների օրը ականատես են եղել «իշխանական ընտրակեղծարարության ողջ արսենալին», ինչը «անարժանահավատ է դարձնում հրապարակված արդյունքները»: