Սերժ Սարգսյանը քվեարկել է «զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար»

Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է լրագրողների հետ Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկություն կատարելուց հետո, 5-ը մայիսի, 2013թ.

«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար, ընտրել եմ համեստ եւ հստակ կառավարող տեսակ», - հայտարարեց Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը տիկնոջ հետ քվեարկեց թիվ 9/11 ընտրատեղամասում:

«Քվեարկել եմ այն մարդու եւ քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երեւանի քաղաքապետի եւ ընդհանրապես քաղաքապետարանի տեղն ու դերը Հայաստանի պետական կառավարման համակարգում եւ ընդհանրապես քաղաքական կյանքում», - ասաց Սերժ Սարգսյանը:

Նույն ընտրատեղամասում օրվա երկրորդ կեսին քվեարկել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասաց, թե միայն մեկ մաղթանք ունի` որ բոլորը գան ու քվեարկեր, որ ժողովուրդը հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված:

«Քաղաքականությանը ժողովուրդը մասնակցում է ընտրություններով: Ով չի գալիս ընտրության, ուրեմն նա դժգոհելու իրավունք չունի: Կոչ եմ անում ամբողջ ժողովրդին` գալ, մեկ մարդու պես քվեարկել ով ում օգտին ուզում է», - հայտարարեց նա:

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց գնահատել իր ղեկավարած կուսակցության շանսերը` ասելով, որ հարցի պատասխանը կտան քվեարկության ավարտից հետո: