Ընտրողի մոտ երկու քվեաթերթիկ է հայտնաբերվել

Այսօր ժամը 08:20 անհայտ քաղաքացուց Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 դպրոցում, մի քաղաքացու մոտ երկու քվեաթերթիկ են հայտնաբերել:

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` մեկնած օպերատիվ խմբին ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 08:20 նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, եւ արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:

Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ 54-ամյա Ղազար Մ.-ն է, որը ժամը 09:10 բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին: