Անձնագրայինի պետը հերքում է ոչ իշխանական ուժերի պնդումները

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

Երեւանի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը ապրիլի 24-ի դրությամբ հասնում է 816 739-ի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը` ավելացնելով, որ մարտի 25-ին հրապարակված տվյալների համաձայն` այդ թիվը 817 814 հազար էր:

«Այսինքն ունենք ընտրողների թվի նվազում 1075-ով: Քվեարկության օրվանից տաս օր առաջ այդ թիվը նվազել է, կարծում ենք` այդ նվազման միտումները կպահպանվեն նաեւ քվեարկությունից երեք օր առաջ», - փոխանցեց Քոչարյանը:

Մինչդեռ ընտրություններին մասնակցող ոչ իշխանական ուժերը պնդում են, որ մարզերից բնակիչները գալիս են մայրաքաղաք եւ երեւանյան գրանցում ստանում: Այն թվերը, որ հնչում են այսօր լրատվամիջոցներով, աստղաբաշխական են, ասում է Հովհաննես Քոչարյանը եւ ավելացնում, որ վերջերս ուսումնասիրություն են կատարել այս խնդրի շուրջ:

«2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 29-ը Երեւան քաղաքում հաշվառվել են 4518 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Երեւան քաղաքի հաշվառումից հանվել է 7161 քաղաքացի: Ինչպես տեսնում ենք, հաշվառումից դուրս եկողների թիվը ավելին է, քան հաշվառվողներինը: Այսինքն ընտրությունները որեւէ ձեւով չեն անդրադարձել հաշվառումների թվի աճի վրա», - հայտարարեց պաշտոնյան:

Մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի հայտարարությունները, թե իրենք ահազանգեր են ստանում այս խնդրի առնչությամբ, անձնագրայինի պետն ասաց` ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան սրվում են ընդդիմադիր ուժերի գնահատականները:

«Խոսվում է արդեն օլիգարխների նկուղներում հաշվառվող անձանց մասին, 40-50 մարդ ամեն տան վրա հաշվառելու մասին: Երեկ սենսացիոն մի բացահայտում արեց Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ 800 հազար ապարանցի ենք հաշվառել Աջափնյակ թաղամասում: Պաշտոնապես հայտարարում եմ` նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ուղղակի ստում են: Ես երաշխավորում եմ, որ ընտրացուցակները վարվել եւ վարվում են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան», - վստահեցրեց Քոչարյանը:

Խնդիր է նաեւ մեկ բնակարանում 10-ից ավելի մարդկանց, ընդ որում բնակարանի սեփականատերերին անծանոթ մարդկանց գրանցումը: Այսպիսի դեպքերը մի քանի հազարի են հասնում, ասում է Քոչարյանը, սակայն հավելում, որ ոստիկանները 12 հազարից ավելի հասցեներ են այցելել եւ սեփականատերերին բացատրել հաշվառումից հանելու կարգը:

Հայաստանից արտագաղթած ու արտերկրում բնակություն հաստատած քաղաքացիների տվյալների առկայությունը ընտրացուցակներում ոչ իշխանական ուժերի կարծիքով նույնպես վստահություն չի առաջացնում ցուցակների նկատմամբ: Քոչարյանը ասում է` ինքը վստահ էր, որ այս ընտրությունների ժամանակ էլ այդ հարցը կշահարկվի, թեպետ, Ընտրական օրենսգիրքը չի պահանջում հրապարակել այդ մարդկանց անունները:

«Քվեարկելու հետ կապված այն մտահոգությունը, թե կարող է հանկարծ ինչ-որ մեկը քվեարկի, պետք է փարատեն եւ պետական իրավասու մարմինները, եւ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, ովքեր պետք է քվեարկության գործընթացի նկատմամբ առավել ուշադիր լինեն: Որքան ես գիտեմ, կոալիցիայի մեջ չմտնող քաղաքական ուժերի ներգրավվածությունը այդ հանձնաժողովների մեջ ավելի շատ է եւ նրանց վերահսկողական հնարավորությունները ավելի շատ են», - ասաց Քոչարյանը:

Մայիսի 5-ին Երեւանում ավագանու ընտրություններին կարող են մասնացել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող մարդիկ, որոնց թիվը, ըստ ոստիկանության անձնագրեր եւ վիզաների վարչության պետի, 3375-ով աճել է: