Մարտի 1-ի նոր հանձնաժողովի հարցով քվեարկությունը հետաձգվեց

Ազգային ժողովում այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկով մինչեւ հաջորդ քառօրյան հետաձգվեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցով քվեարկությունը:

Հանձնաժողովի ստեղծման նախագծի համահեղինակ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) դեմ չէր քվեարկությունը հետաձգելուն:

«Այն, որ Հանրապետականը չի ուզում, որ նախագիծը անցնի, դա թվացյալ է: Հանրապետականը ոչ մի խնդիր չունի թաքցնելու: Բազմաթիվ անգամներ քննարկել ենք Ազգային ժողովի նախագահի մոտ եւ կարծում ենք, որ քննարկման խնդիրներ ունենք», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Համաձայն եմ շարունակել քննարկումները` փոխընդունելի վերջնական տարբերակ ներկայացնելու համար», - արձագանքեց Ջհանդիրյանը:

Նախագծի շուրջ ՀՀԿ-ի առաջարկներից առանցքային այն է, որ դատավորներն ու դատախազները չհրավիրվեն հանձնաժողով, իսկ քրեական գործի վարույթին մասնակցած հետաքննիչներն ու քննիչները միայն սեփական նախաձեռնությամբ հնարավորություն ունենան հանձնաժողովին բացատրություններ տալ:

Ջհանգիրյանն ընդառաջեց առաջարկի առաջին մասին` դատախազներին հանձնաժողով չհրավիրելուն, իսկ քննիչներին չհրավիրելը համարեց անընդունելի:

«Եթե այդ կետը չընդունվի, ես վստահ եմ, որ չեմ համաձայնվելու նախագծի հետ, որովհետեւ առանց քննիչների, հետաքննիչների, օպերատիվ աշխատակիցների հրավիրելու, նրանց հարցեր տալու, պարզաբանումներ ստանալու… միայն նյութերին ծանոթանալով եւ այլն, այդպիսի աշխատանք այս բարդ գործում ես չեմ պատկերացնում», - «Ազատություն» ռադիոկայանի ասաց նա` կարծիք հայտնելով, որ հանձնաժողովը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործին:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու իշխող քաղաքական ուժը չի ցանկանում, որ մարտի 1-2-ի գործը վարած հետաքննիչները ստեղծվելիք հանձնաժողովում պատասխանեն պատգամավորների հարցերին, խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) պատասխանեց, թե դա ՀՀԿ-ի համար սկզբունքային խնդիր է:

2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ստեղծված Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսունասիրող ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողով, հիշեցնենք, քննիչները հրավիրվել են:

«Խնդիրը հետեւյալ է. հասարակության մեջ կարող է լինել կարծիք, որ այն, որ դատավորները չպետք է գան եւ բացատրություններ տան ժամանակավոր հանձնաժողովին, եւս նշանակում է, թե ինչ-որ բան թաքցվում է: Սահմանադրությունը կկախտենք դրանով», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը` հետաքննիչների վերաբերյալ հավելելով. - «Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ նույն կարգավորումը չպետք է լինի մենակ դատավորի համար եւ քննիչի համար որոշ դեպքերում: Միգուցե քննիչների համար պետք է լինի, հետաքննիչների համար չպետք է լինի: Այսինքն` երանգները բազմապիսի են, եւ մենք պետք է, այդ երանգները հաշվի առնելով, փորձենք գտնել ընդհանուր մոտեցում»:

Այսօրվա քննարկումներից հետո էլ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանական մեծամասնության կողմից հարցի տապալման վտանգ չի տեսնում. - «Եթե Հանրապետական խմբակցությունը մտահոգություններ ունենար որոշման նախագծի բովանդակության վերաբերյալ, ապա այդ մտահոգությունները կդրսեւորվեին նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում եւ մեծամասնության հավանությունը այդ նախագիծը չէր ստանա, հետեւաբար նաեւ քառօրյա օրակարգ չէր մտնի: Կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվությունը դեմ քվեարկելու դեպքում ավելի ծանր է»:

ՀԱԿ-ի նախագիծը, հիշեցնենք, պաշտպանում են բոլոր ոչ իշխանական խմբակցությունները: Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), սակայն, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք քվեարկել ենք այն փաստաթղթին, որը նախնական տեսքով էր: Եթե բովանդակային իմաստով այնպիսի փոփոխություններ կլինեն, որ [ստեղծվելիք հանձնաժողովը] չի կարող ծառայել իր նպատակին, ապա եւս մեկ անիմաստ հանձնաժողով [ստեղծելու], ես կարծում եմ, կարիքը չկա»: