Տարոն Մարգարյանն արժանացավ ավանցիների ջերմ ընդունելությանը

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ-ը պահանջում է պարզել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը

Երեւանի քաղաքապետ, մայիսի 5-ի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Ավան համայնքի ընտրողների հետ` արժանանալով վերջիններիս ջերմ ընդունելությանը:

Մարգարյանը, հիշեցնենք, մինչեւ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը այս համայնքի թաղապետն էր:

Գործող քաղաքապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների` իր անձնական ունեցվածքին վերաբերող հարցերին` խորհուրդ տալով դիմել ՀՀԿ շտաբի մամուլի քարտուղարին:

Միաժամանակ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն այսօր հանցագործության կատարման մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Ընդդիմությունը նշում է, որ անցած տարիներին նա ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլեւ կրկնապատկել է անշարժ գույքը: Ընդհանուր առմամբ, ընդդիմության հաշվարկով, նա ունի տասը միլիոն դոլարի գույք ու եկամուտ:

Հանդիպման եկած ավանցի կանայք բորբոքված դիմում էին լրագրողներին. - «Ինչո՞ւ ենք այդպիսի հարցեր տալիս քաղաքապետի վերաբերյալ: Չի կարելի… Տարոն Մարգարյանը շատ լավն է, մենք նրան ենք ընտրելու, իսկ թե ինչքան փող ունի, դա ձեզ չի վերաբերվում»:

Սայաթ Նովա թաղամասում Մարգարյանը կոչ արեց վստահել իրենց քաղաքական ուժին, քվե տալ Հանրապետական կուսակցությանը՝ խոստանալով, որ մի քանի տարի հետո Երեւանի կդառնա ավելի լավը, այնպիսին, ինչպիսին Ավանը դարձավ կարճ ժամանակահատվածում:

Նրա խոսքով, Հանրապետական կուսակցությունն այն ուժն է, որ քիչ է խոսում, բայց շատ է աշխատում. - «Ես կոչ եմ անում մայիսի 5-ին ձեր քվեն տալ այն թիմին, որն աշխատանքով է ապացուցել, ոչ թե խոստումներով: Մենք աշխատում ենք: Քիչ ենք խոսում եւ աշխատելու ենք միշտ»: