Բերման է ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր ժամը 21-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժին` ցերեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հնչած կրակոցների առնչությամբ: Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախկին քաղաքապետի հետ բերման են ենթարկվել եւս քսան հոգի: Գյումրիի ոստիկանությունում մոտ 3 ժամ անցկացնելուց հետո ժամը 23։35-ի սահմաններում նախկին քաղաքապետը ազատ է արձակվել։

Հիշեցնենք, այսօր` ժամը 13.00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ, որտեղ ապրում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր Սերոբ Գրիգորյանի երեխաների կնքահայր Հարություն Խաչատրյանը: Նա ավելի շատ հայտնի է Քավոր Հարութ մականունով:

Հարություն Խաչատրյանը եւ նրա հետ այդ ժամանակ գտնված Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն: Կարապետյանը վիրահատության ընթացքում մահացել է:

Գյումրիի բժշկական կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մյուս վիրավորին` Հարություն Խաչատրյանին վիրահատել են: Վիրահատությունը անցել է նորմալ, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժնում:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Կատարվածի մեջ դեպքից անմիջապես հետո շրջանառվեցին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների, մասնավորապես, նրա եղբորորդիների` Վահիկ եւ Կոլյա Ղուկասյանների անունները:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը: Նա ձերբակալված է: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հարաբերությունները լարվեցին 2008-ի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Գրիգորյանն իր թեկնածությունն առաջադրեց:

Գյումրիում պարբերաբար գրանցվում էին միջադեպեր մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս միջադեպի հետեւանքով մահացած Արտյոմ Կարապետյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներից Տանկ մականունով թաղային հեղինակության միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Այս տարի վիճաբանություն էր ունեցել նաեւ Հարություն Խաչատրյանի որդու եւ Կոլյա Ղուկասյանի միջեւ:

Գյումրիում այս վերջին կրակոցները համարում են այդ վիճաբանության շարունակությունը: