«Բարեւ, Երեւանն» ահազանգում է խախտումների մասին

Your browser doesn’t support HTML5

«Բարեւ, Երեւան» դաշինքն ահազանգում է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված անհավասար մրցակցային պայմանների մասին:

Դաշինքն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) էր ներկայացրել իրենց արձանագրած խախտումները, վկայակոչելով տեղեկություններ ու տեսանյութեր իշխող կուսակցության թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչությանը մանկապարտեզի սաների ծնողներին ստիպողաբար տանելու, Հանրապետականի նախընտրական պաստառները կրթօջախների վրա փակցնելու, Հանրապետականի թեկնածուի քարոզարշավին քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության, քաղաքապետարանի ապրիլի 7-ի միջոցառումը գործող քաղաքապետի քարոզչությանը ծառայեցնելու մասին: Ներկայացված ցանկում նաեւ վկայակոչված էին «Բարեւ, Երեւան» դաշինքի համակիրների երթը ուժի կիրառմամբ խոչընդոտելու, դաշինքի նախընտրական պաստառները պատռելու, քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների կողմից «Բարեւ, Երեւան»-ի կազմակերպած հավաքի բոլոր մասնակիցներին նկարահանելու վերաբերյալ նյութեր:

Սակայն ԿԸՀ-ն բողոքը քննարկելու արդյունքում, ըստ էության մերժեց այն, «որոշ դեպքերում մերժելով խախտման առկայությունը, որոշ դեպքերում էլ ընդունելով խախտման փաստերը, բայց հրաժարվելով է օրենքով սահմանված կարգով պատժել օրինազանցներին», «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց բողոքը ԿԸՀ ներկայացրած Դանիել Իոաննիսյանը:

«Բարեւ Երեւան դաշինքի» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս իրավիճակը իրենց համար այլեւս սովորական է դարձել:

«Սովորական դարձած քարոզարշավ է, ստանդարտ խախտումներով` ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում, ցուցակագրում հետագայում կաշառք բաժանելու համար, որոշ դեպքերում տարբեր թաղամասերում կամ շենքերի առջեւ «էս իմ սարն է, էս իմ ծառն է» սկզբունքով` «քարոզարշավ մի արեք, ստեղ բոլորը հանրապետական են», ստանդարտ դարձած սեւ PR-ով, երբ քաղաքական ուժերն ասում են` իրար չմրոտենք, սեւ PR իրար նկատմամբ չանենք, բայց այդ նույն ասողը իր ԶԼՄ-ների, իր փորձագետների միջոցով այդ սեւ PR-ն է իրականացնում… այս ամենը կա ու այս ամենը սովորական է դարձել», - ասաց Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ երեկ Աջափնյակ համայնքում գործադրված բռնությունը, ոստիկանությանը կոչ անելով բացահայտել բռնություն գործադրողներին:

Քարոզչություն իրականացնելիս Կոնգրեսի երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը ծեծի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

«Մեզ հետ էլ են պատահել այդպիսի դեպքեր` «սա մեր տարածքն է»-ի շրջանակներում բազմաթիվ անգամներ, բայց բարեբախտաբար, մեզ հաջողվել է այդ բախումներից խուսափել: Ցավալի է, որ երեկ այդպիսի բախում է եղել, բնականաբար, ինձ համար անընդունելի է ցանկացած պարագայում ընտրությունների որեւէ կերպ խոչընդոտումը: Ոստիկանության ադեկվատությունը կլինի այն, որ բացահայտի, թե ովքեր են եղել այդ անձինք, եւ նրանք իրենց պատիժը ստանան», - ասաց Մարտիրոսյանը:

Այսօր Արմեն Մարտիրոսյանը Դավիթաշեն համայնքում էր. նա բարեւում էր անցորդներին, մտնում սննդի օբյեկտներ, խանութներ, բաժանում բուկլետները, հաջողություն մաղթում քաղաքացիներին եւ դուրս գալիս` ճիշտ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ոճով:

«Սա «Ժառանգության» քարոզարշավի մեթոդն է, մենք 2007-ից սկսած «դռնեդուռ» ակցիան ենք իրականացնում: Այն, որ մենք ենք կիրառում, դա բնական է, բայց որ ուրիշներն են մեր տեխնոլոգիան վերցրել… ինչ տեխնոլոգիա կիրառում ենք, շատ արագ կիրառում են: 2007 թվականին ավտոբուս կիրառեցինք, անմիջապես կիրառեցին, 2013 թվականին միկրոավտոբուս կիրառեցինք, հիմա էլ միկրոավտոբուսներ են օգտագործում, «բարեւ»-ը Րաֆֆի Հովհաննիսյանը օգտագործեց, հիմա բոլորն անցել են «բարեւ»-ի եւ որոշակիորեն պլագիատով են զբաղվում... խնդիր չեմ տեսնում: Գողանալ չասենք, թող օգտագործեն, հեղինակային իրավունքի վկայական հանած չի, բայց նաեւ երկրի ապագայի հետ կապված մեր գաղափարներն էլ թող վերցնեն ու սպասարկեն քաղաքացու շահը», - ասաց Մարտիրոսյանը:

Մինչ դաշինքի ներկայացուցիչները քայլարշավով շրջում էին համայնքում, փորձեցինքդԴավիթաշենցիների տրամադրություններն իմանալ Երեւանի ավագանու գալիք ընտրությունների վերաբերյալ:

«Դե, արդեն կամաց-կամաց Հայաստանը ծաղկում է, լավանում է.. չեք զգո՞ւմ, ժողովուրդն է մենակ փախնում», - հեգնեց անցորդներից մեկը:

«Ամեն տարի էլ սպասում են, բայց դե ոչ մի արդյունք չենք տեսնում», - դժգոհեց մեկ այլ քաղաքացի:

Իսկ վաճառքի կետերում ասում էին` «եթե մենք ձեզ ասենք ում ենք ընտրում, ինչ ենք անում, հարկայինում գրանցված ենք, վաղը կգան լրիվ կփակեն… գործ չունենք... Եթե հանրապետական չենք ընտրում, անպայման կիմանան` որտեղ ենք աշխատում ու կգան»: