Նախարարը չի բացառում ակնկալվածից ցածր տնտեսականը աճ

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չի բացառում, որ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կարող է ցածր լինել կառավարության նախանշածից:

Հայաստանի կառավարությունն սպասում է, որ այս տարի Հանրապետությունում կգրանցվի 6.2 տոկոս տնտեսական աճ, ինչը դրված է 2013-ի պետբյուջեի հիմքում: Մինչդեռ, վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հանդես եկավ իր գնահատականով, ըստ որի Հայաստանն այս տարի կարող է ակնկալել առավելագույնը 4 տոկոս ՀՆԱ-ի աճ:

«ԱՄՀ-ն ավելի քիչ են կանխատեսում ողջ հետխորհրդային տարածքի համար: Հայաստանում գործում է ԱՄՀ-ի առաքելությունը, որի հետ հենց քննարկում ենք դա», - ասաց նախարարը այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում` հավելելով. - «Հնարավոր է, որ կառավարությունը [այդ քննարկումների արդյունքում] վերանայի եւ նվազեցնի իր գնահատականը, հնարավոր է, որ վերանայի եւ ավելացնի: Վերանայելուց ամեն ինչ հնարավոր է: Մենք առայժմ 6.2 տոկոսը շարունակում ենք պահել որպես թիրախային, որովհետեւ հավատում ենք, որ կարող ենք գերազանցել ԱՄՀ-ի գնահատականը: Մենք նպատակ չունենք թիրախավորել երկնիշ տնտեսական աճ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե կառավարությունը վստահ է, որ 6.2 տոկոս տնտեսական աճ կապահովի, ինչո՞ւ է դա քննարկում ԱՄՀ-ի հետ, Գաբրիելյանը պատասխանեց. - «Կառավարությունը միշտ քննարկում է թե ԱՄՀ-ի, թե Համաշխարհային բանկի, թե այլ միջազգային կառույցների հետ»:

Գաբրիելյանը նաեւ չբացառեց, որ ինքը կարող է նշանակվել ֆինանսների նախարարի պաշտոնում: