ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Odnoklassniki–ի էջերը կոտրողի ինքնությունը

Ոստիկանության ԿՀԴՊ վարչությունում այս տարվա փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին եւ դրանք անվանափոխել:

Դատախազության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը: Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է: Բացի այդ, պարզվել էր նաեւ, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով խոստովանել է կատարած արարքը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: