Տարոն Մարգարյանը հանդիպեց Կենտրոնի բնակիչներին

Your browser doesn’t support HTML5

Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ավագանու մի քանի թեկնածուներ այսօր հանդիպեցին Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:

Գործող քաղաքապետը հավաքվածներին ասաց, թե եկել են հաշվետու լինելու «օր ու գիշեր կատարած աշխատանքի համար». - «Հետեւողական աշխատանքի շնորհիվ կարողացել ենք մեր բոլորիս կողմից սիրելի Երեւանը օր օրի զարգացնել, սիրունացնել, օր օրի բարեկարգել»:

Գործող քաղաքապետն ասաց` անելիքները դեռ չի ավարտել եւ դրա համար ժամանակ խնդրեց:

«Երեւանը մշակութային քաղաք է, եւ այս վերջին չորս տարվա ընթացքում փորձեցինք մշակութային կյանքը ավելացնել Երեւանում, եւ արվեստի դպրոցներ, գրադարաններ, մշակույթի տներ, բոլորը ջեռուցվեցին: Մեր ծրագրերում են վերանորոգման աշխատանքները: Վստահ եմ, որ մեր մշակութային քաղաքը կարող ենք ավելի մշակութային դարձնել», - ասաց նա:

Ավագանու Հանրապետականի թեկնածու Նատալյա Լափաուրին իր խոսքը սկսեց մրցակից «Ժառանգության» կարգախոսով եւ շարունակեց մյուս կուսակցության` Հայ ազգային կոնգրեսի մասին պատմական էքսկուրսով:

«Բարեւ, Երեւան: Իրականում հնի եւ նորի միջեւ են ընտրությունները: Մենք չենք թողնի, որ Երեւանը նորից տանեն դեպի 90-ական թվականներ, որտեղից որ գալիս են որոշ թեկնածուներ եւ հատկապես որոշ պրոբլեմներ: Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, որպեսզի նորից սկսենք Երեւանը», - ասաց նա:

Ավագանու հանրապետական թեկնածուների հետ հանդիպումը Նար-Դոսի անվան դպրոցի հարեւանությամբ էր անցկացվում: Դրան նաեւ նույն դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ էին մասնակցում: Մի քանիսն ասացին, որ հանդիպման մասին դպրոցից են տեղեկացել, աշակերտներից մեկն էլ ասաց` «հավաստի աղբյուրներից» է տեղեկացել հանդիպման մասին: Նրանք ծնողների, տատիկ-պապիկների հետ էին դպրոցամերձ տարածքում:

Ռուսերենի ուսուցչուհի Էրիկա Հակոբյանի կարծիքով` դասերի ավարտից հետո ավագանու թեկնածուների եւ երեխաների հանդիպումը «շատ բնական երեւույթ է». - «Մեր քաղաքի հարցն է լուծվում», - ասաց նա:

Մեր փոքրիկ զրուցակիցներից մեկը, սակայն, ասաց, որ այս հանդիպմանը ընտանիքի անդամների պարտադիր մասնակցության մասին դպրոցում են ասել:

Քաղաքապետն այսօր չցանկացավ զրուցել լրագրողների հետ: Բնակիչների հետ խոսեց սիրով, հիմնականում կանաչապատմանը, մուտքերի, վերելակների նորոգմանը, շենքերի բակերի ասֆալտապատմանը վերաբերող նրանց հարցերին պատասխանեց:

Մամուլն այս օրերին գրում է, որ հանրապետական մարզպետները եւս Տարոն Մարգարյանի օգտին ձայներ հավաքելով են զբաղված: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Երկրի» հետ զրույցում չէր թաքցրել, որ Երեւանում բնակվող հարազատներին, մտերիմներին, համախոհներին բացատրելու, հասկացնելու են, որ ընտրեն Մարգարյանին:

Գործող քաղաքապետ հետ այսօր քարոզարշավին մասնակցող, Կենտրոնից ընտրված հանրապետական պատգամավոր Գարեգին Նուշիկյանն այս առնչությամբ ասաց, թե «ցուցակագրումը երեւի թե նորմալ չէ»:

«Բայց դա կարող է ինչ-որ մարզպետների նախաձեռնությունն է, չգիտեմ, չեմ կարող ասել», - ասաց պատգամավորը: