ԿԺԴՀ-ն չի հրաժարվելու միջուկային զենք ստեղծելուն ուղղված հետազոտություններից

Այդուհանդերձ, պաշտոնական Փհենյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել միջուկային սպառազինության կրճատման հարցով բանակցությունները Միացյալ Նահանգների հետ:

Հյուսիսկորեական լրատվամիջոցների հրապարակումներում նշվում է, թե «խոսք անգամ չի կարող լինել» Կորեական թերակղզու միջուկազերծման մասին` քանի դեռ ամբողջ աշխարհը չի հրաժարվել միջուկային զենքից:

Ավելի վաղ, հիշեցնենք, Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան Փխենյանին կոչ էին արել վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ:

Երկու օր առաջ` հինգշաբթի օրը, հյուսիսկորեական իշխանությունները հայտարարել էին, որ բանակցությունների սեղանի շուրջը կնստեն միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը համաձայնի վերացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, իսկ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան դադարեցնեն համատեղ զորավարժությունները: Այս պահանջները Սեուլն ու Վաշինգտոնը «աբսուրդ» էին որակել:

Հիշեցնենք նաեւ, որ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որին մասնակցում էին կորեական երկու պետությունները, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան եւ Ռուսաստանը, դադարեցվել են 2009 թվականին: