Մարգարյան. «Արդեն 4 տարի է` ծանոթանում եմ բնակիչների խնդիրներին»

Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, նախքան բակային այցելություններ կատարելը, եկել էր Նկարիչների միություն, որտեղ այսօր նկարիչ Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսն էր:

Թեպետ քաղաքապետը հրաժարվեց խոսել ավագանու ընտրությունների մասին, ասելով, որ մշակութային օջախ է եկել, որպեսզի նկարները դիտի, այնուամենայնիվ ցուցահանդեսից արդեն դուրս գալիս Մարգարյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի մի քանի հարցերի:

«Ավելի լավ Երեւանում արվեստագետները ինպե՞ս են ապրելու»,- «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մարգարյանը պատասխանեց. - «Քաղաքապետարանը միշտ լինելու է իրենց կողքին` բոլոր մեր արվեստագետների»:

«Հիմա դուք գնում եք Քանաքեռ-Զեյթուն համայնք: Համայնքի բնակիչների հետ հանդիպելիս ծանոթանում եք խնդիներին եւ խոստանում եք լուծել դրանք: Մինչեւ այդ պարզ չէի՞ն խնդիրները, եւ եթե դրանք լուծելի էին, ինչո՞ւ չէին լուծվում այսքան ժամանակ», - հարցին էլ գործող քաղաքապետը արձագանքեց. - «Սխալ եք հասկացել: Ես արդեն չորս տարի է` ծանոթանում եմ մեր համայնքի բնակիչների խնդիրներին, ոչ թե հիմա եմ ծանոթանում: Երեւի ուրիշ մրցակիցների հետ եք խառնել»:

Հարցին, թե մայրաքաղաքի տարբեր հատվածներում այս օրերին ակտիվորեն կատարվող բարեկարգման աշխատանքները կապված մայիսի 5-ի ընտրությունների հետ, քաղաքապետն արձագանքեց. - «Հերթական ծրագիրն է ընթանում: Ամեն տարեսկզբին մրցույթներ են հայտարարվում, ըստ մրցույթների աշխատանքները գնում են: Քանի որ այս տարի ընտրություններ են, պետք է քաղաքում ոչ մի շինարարական աշխատանք չգնա՞»:

Արդեն Քանաքեռ-Զեյթուն համայնքում Տարոն Մարգարյանը ելույթ ունեցավ, ասաց, որ թեպետ բազում ծրագրեր են իրականացրել, հասկանում է, որ խնդիրներ դեռ կան ու դրանք լուծելու են, դրա համար եկել է խնդրելու բնակիչների քվեն:

Ելույթից հետո քաղաքապետին մոտեցան մի քանի բնակիչներ իրենց բողոքներով: Նրանցից մեկը, մասնավորապես, Տարոն Մարգարյանին խնդրում էր անպայման լուծել բակերի խաղահրապարակների հարցը: Տարոն Մարգարյանը խոստացավ անպայման օգնել բոլոր բնակիչներին, իսկ լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել` ասելով. - «Ես եկել եմ քարոզարշավի քաղաքացիների հետ շփվեմ»: