Մարտիրոսյան. «Նախեւառաջ պետք է մտածել երեւանցու մասին»

Your browser doesn’t support HTML5

Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, այսօր Երեւանի բոլոր խնդիրները լուծելու համար նախեւառաջ պետք մտածել երեւանցու, այլ ոչ թե շրջապատին բիզնեսով ապահովելու մասին:

«Այս թիմը բարեփոխումների է միտված»,- ասում է Մարտիրոսյանը` խոստանալով, որ եթե իր գլախվորած «Բարեւ Երեւանը» դաշինքը ավագանում ընտրություններում մեծամասնություն կազմի` «հնարավորություն կստեղծվի, որ մեր քաղաքացին ուղիղ կեցվածքով տրանսպորտով հանգիստ երթեւեկի»

Երեւանի երթեւեկության «լրջագույն» խնդրի լուծումը Արմեն Մարտիրոսյանը տեսնում է մետրոպոլիտենի ցանցը ընդլայնելու մեջ,
սակայն, ըստ ընդդիմադիր թեկնածուի, սա ձեռնտու չէ ներկայիս իշխանություններին, քանի որ երթուղային գծերը շահագործում են բացառապես իշխանությունների ներկայացուցիչները:

Երեւանյան իր զբոսանքի ընթացքում այսօր Մարտիրոսյանը այցելե նաեւ Նուբարաշենի (նախկին Սովետաշենի) աղբանոց: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Երեւանում աղբահանության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աղբ հավաքելու եւ այն վերամշակելու գործը հանձնել միջազգային այն ընկերություններին, որոնք ամբողջ աշխարհում կազմակերպում են այս գործը:

Այցելելով Կենտրոն համայնքի մի բակ` քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն, տեսնելով, թե ինչպես են բնակիչները քանդել շենքի հիմքը, Մարտիրոսյանը հայտարարեց, որ իր` քաղաքապետ դառնալու դեպքում քաղաքի ճարտարապետությունը զուտ մասնագիտական խմբի գործն է լինելու, բացառվելու են դեպքերը, երբ բնակիչը քաղաքապետարանի հետ համաձայնության է գալիս եւ շենքը իր ուզածի պես ձեւափոխում է:

Երեւանի արվարձաններից մեկում` Տասնվեցերորդ թաղամասում, որտեղ, ի դեպ, բնակվում է քաղաքապետի թեկնածուն, չնայած հանդիպած բազում խնդիրներին` քանդված ճանապարհներ, ավտոտնակներով պատված բակեր, սարսափելի վիճակում գտնվող վերելակներ, Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այսօր Երեւանի արվարձանները շատ ավելի լավ վիճակում են, քան Կենտրոնը:

«Այստեղ գոնե կանաչ տարածք կա», - պարզաբանում է Մարտիրոսյանը, եւ ցույց տալով իր խոտերով ու ծառերով հարուստ բակը` ասում. - «Այսպիսի բակերը պետք է Երեւանում վերականգնվեն եւ շատանան»: